Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն ու ակտիվիստներն ահազանգում են` ոստիկանների վարքագիծը վատթարացել է


«Ակցիաների ընթացքում ոստիկանների վարքագիծն ավելի է վատանում»
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Ֆինանսների նախարարության և Սահմանադրական դատարանի առաջ կայացած վերջին ցույցերն օրինակ բերելով` ակտիվիստները պնդում են, որ բողոքի ցույցերի ու ակցիաների ընթացքում ոստիկանները չեն հարգում իրենց իրավունքները:

«Ոստիկանական համակարգում ոչ միայն բարեփոխումներ չեն լինում, այլև բողոքի ցույցերի ու ակցիաների ընթացքում ոստիկանների վարքագիծն ավելի է վատանում», - ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա նաև նշում է, որ ոստիկաններն իրենց այնպես են պահում, կարծես դատարանն իրենց գրպանում է։

Իրավապաշտպանի հետ համակարծիք են նաև ակտիվիստները, ովքեր նշում են, որ եթե ոստիկանության համակարգում որևէ բան է փոխվել, ապա դա միայն համազգեստն է։

«Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անունը չեմ հիշում, տեսանյութերում էլ կա, ասում է, ինչո՞ւ ես բերանդ ափռ-ցփռ բացում։ Սա ամենևին ոստիկանի բառապաշար չէ և ես համաձայն եմ, որ պարոն Գասպարյանը պարզապես շոուներ ա սարքում ամեն երեկո հերթապահ մաս հաղորդման ժամանակ, նշելով, որ մենք այլևս չունենք այն ոստիկանությունը, որը մեկ տարի առաջ էր», - ասում է Արայիկ Հարությունյանը:

«Շատ հաճախ է ինքը էկրանից հայտարարում, որ ոստիկանությունը շատ է փոխվել», - ասում է ակտիվիստ Դավիթ Մանուկյանը: - «Կուզեմ, որ այդպես լինի, ես առաջին ուրախացողներից մեկը կլինեի, եթե այդպես լիներ, բայց, պարոն Գասպարյան, իրականությանը այդքան էլ չի համապատասխանում։ Իրականություն վերադարձեք և աշխատեք ոստիկանության վարքի վրա, որովհետև նրանք իրենց դրսևորում են դեռևս որպես թաղային հեղինակություններ, այլ ոչ թե իրավապահ մարմիններ», - հավելում է ակտիվիստը:

Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի պայքարող «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանի խոսքով, թեև ակտիվիստներն իրենց հեռախոսահամարները ոստիկաններին չեն տվել, բայց նրանցից զանգեր հաճախ են ստանում և զրույցների հրավիրվում։ Կամ թաղային ոստիկանն է տուն այցելում` «ծանոթություն հաստատելու նպատակով»։

Ըստ ակտիվիստների, օրենքը պաշտպանելու փոխարեն իրավապահ մարմիններն իրենք են հաճախ այն խախտում։

«Ինքը այսպիսի պատասխան է տալիս. եթե դուք գտնում եք, որ իմ որոշումը ոչ օրինաչափ է, հիմա պարտավոր եք դրան ենթարկվել, հետո դատական կարգով վիճարկել։ Նոնսենս է ստեղծվում` այսինքն պետք է ակցիան չկայանա և ազատ տեղաշարժի և հավաքների ազատության իմ իրավունքը [ոտնահարվի], և հետո ես դատական կարգով գուցե կվերականգնեմ, կամ չեմ վերականգնի», - մեկնաբանում է Մանուկյանը։

Իրավապաշտպան Զեյնալյանի կարծիքով այս ամենի դեմ պետք է պայքարել:

«Երբ որ անձանցազատությունից զրկել են, իսկ ազատությունից զրկել կարող է համարվել նաև փողոցում մարդկանց կանգնեցնելը 20 րոպեով, 30 րոպեով, առավել ևս, երբ մարդկանց տանում են ոստիկանություն և 3 ժամ պահում են ու հայց չի ներկայացվում նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, ուրեմն պիտի հարուցվի քրեական գործ այն ոստիկանների դեմ ովքեր անձանց բերման են ենթարկել, ովքեր անձանց ազատությունից զրկել են», - ասում է նա:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը նաև նշում է, որ ակտիվիստների նկատմամբ այս գործողությունները միտում ունեն հասարակության ուշադրությունը բուն խնդրից շեղելու։

«Մարդիկ սկսում են քննարկել, թե ով ում է սպառնացել ու հրմշտել, մոռանալով, թե ինչ պահանջներ են ներկայացնում ցույցի մասնակիցներն ու ինչի համար են պայքարում», - ասում է նա ու վստահեցնում, որ պայքարը պատրաստվում են շարունակել, կանխատեսելով, որ Հայաստանի` Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից հետո վիճակն ավելի է վատանալու։

«Երբ երևաց Ռուսաստանի ազդեցության ավելի մեծ շորշոփը` ոստիկանությունը իրեն զգաց ավելի սանձարձակ», - ասում է նա:

Ակտիվիստ Գոհար Սարոյանը կոնկրետ օրինակ է մատնանշում. - «Ես ուղղակի մեջ բերեմ ոստիկաններից մեկի ասածը ինձ։ Ասաց` ոչինչ, հեսա ստեղ կհաստատեն, կմտնենք, հետո տեսեմ ոնց եք թփրտալու։ Եթե նույնիսկ չլինեին կողքից ճնշումները, Ռուսաստանի ազդեցությունը, իրենց ընկալումը հետևյալն է, որ մենք հիմա ստանում ենք ազատություն` գործելու ոնց ուզում ենք»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո աստիճանաբար նմանվելու է է այդ կազմակերպությանն անդամակցող մյուս երկրներին` Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին, մասնավորապես` մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:

«Սա օրինաչափություն է և ոստիկանությունը դա էլ իրականացնում է` իրենց հերոսների նման, Միկոյանի նման, ով այսօր իրենց հերոսն է։ Սեփական ժողովրդին զոհաբերելով, որպեսզի հաճոյանան իրենց տերերին», - ասում է Զեյնալյանը:

Նշենք, որ իրավապաշտխաններն ու ակտիվիստները նման հայտարարություններով հանդես եկան Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ: Ոստիկանության ներկայացուցիչներն այս քննարկմանը հրավիրվել էին, բայց ոչ ոք դրան մասնակցել չէր ցանկացել։

Ռուզաննա Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG