Մատչելիության հղումներ

Հոգեկան խնդիրներ ունեցողները դժգոհ են պետպատվերով տրվող նոր դեղամիջոցից


Հոգեկան խնդիրներ ունեցողները դժգոհ են պետպատվերով տրամադրվող նոր դեղամիջոցից
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Հոգեկան խնդիրներ ունեցողները դժգոհ են պետպատվերով տրամադրվող նոր դեղամիջոցից

Հայաստանի գլխավոր հոգեբույժը ևս նախապատվությունը տալիս է նախկին՝ «Զիպրեքսա»-ին, ասում է դրա արդյունավետությունը ապացուցված էր տարիների փորձով։

Կառավարության վերջին ուսումնասիրության համաձայն, հոգեկան խնդիրիրներ ունեցող 67 հիվանդներից 62-ը դժգոհ են պետպատվերով տրամադրվող նոր դեղամիջոցից, որն, ըստ նախարարության, հնի առավել էժան տարբերակն է։

Պետության կողմից տրամադրվող «Զիպրեքսա» դեղը այս գարնանից փոխարինվել է ավելի էժան տարբերակով:

«Ազատություն» ռադիոկայանի՝ հոգեկան խնդիրներ ունեցող զրուցակիցը, ով ներկայանալ չցանկացավ, ասաց, որ դեղամիջոցից ընդհանրապես հրաժարվել է, քանի որ նոր դեղամիջոցի ընդունումը վատթարացրել է իր վիճակը:

«Մտքեր ա գալիս, առանձնանում եմ, ինչ-որ պասիվանում եմ, անաշխատունակ եմ դառնում, ձայներ եմ լսում։ Ամռանը դիմեցինք մեր Առողջապահության նախարարություն՝ Արմեն Մուրադյանին անձամբ եմ դիմել, խնդրել եմ, և ինքը մեզ ասաց, որ կաջակցի անպայման, բայց ո՞ւր է, արդյունքը չենք տեսնում, անորակ դեղ են տալիս», - ասաց զրուցակիցը։

Նրա հարազատները իրենց միջոցներով են դեղ հայթաթում, ինչը հավելյալ անհանգստության պատճառ է դառնում հիվանդի համար: Հարազատներին նեղություն չպատճառելու համար՝ հիվանդը ստիպված խնայողաբար է օգտագործում դեղը:

«Եղբայրս հայթայթում ա դեղը, մի քիչ դժվար ճանապարհով, բայց հայթայթում ա, որ իմ դեղը չպակասի, ես ինքս քչացրել եմ իմ դեղը, բայց զգացել եմ, որ լավ չեմ զգում ինձ», - ասաց զրուցակիցը։

Հիվանդներից մեկի մայրը ևս բողոքեց, որ նոր դեղի ընդունումից հետո տղայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա ասաց, որ դիմել են նախարարություն, այնտեղ էլ խորհուրդ են տվել սեփական միջոցներով գնել դեղը, եթե արդյունավետ չեն համարում պետության տրամադրածը:

«Հաշմանդամության համար 27 հազար դրամ թոշակ ստացող ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ նախընտրած դեղորայքը գնել», - ասաց հիվանդի մայրն ու հավելեց՝ տղան վտանգավոր է դարձել շրջապատի համար։

«Վիճակը կապված է «Զիպրեքսա» -ի հետ, եթե դա ընդունում է, շատ լավ է՝ շուկա եմ ուղարկում, խանութ եմ ուղարկում, իսկ հիմա, ասեցի ձեզ, քնաբեր եմ տվել քնացրել, որպեսզի կարողանամ դուրս գամ։ Վտանգավոր է և՛ մեզ համար, և՛ հարևանների համար, և՛ շրջապատի համար», - ասաց կինը։

Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանի խոսքով, այս հարցի շուրջ բողոքները բազմաթիվ են: Իրենք դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց պատասխան չեն ստացել: Հիմա նոր նամակ են պատրաստում և խոստանում են պայքարել այնքան ժամանակ, միչև պետությունը նորից սկսի որակյալ դեղով ապահովվել հիվանդներին:

Թուխիկյանն ասաց, որ անորակ և էժան դեղ տրամադրելով՝ պետությունը չի տնտեսում, այլ ավելի շատ գումար է ծախսում հիվանդանոցներում նրանց բուժելու համար:

«Մի լավ տնտեսագետ իրենք վարձեն, աուդիտ անեն, հասկանան, թե ավելի լա՞վ չէ, որ մի քիչ որակյալ, մի փորք բարձր գնով դեղ գնի պետությունը, որ ինքը ձերբազատվի երեք անգամ պետության բյուջեին վնաս տալու հանգամանքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թուխիկյանը։

Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը ևս նշեց, որ նախապատվությունը տալիս է նախկինում տրամադրվող «Զիպրեքսա»-ին, քանի որ դրա արդյունավետությունը ապացուցված է տարիների փորձով, սակայն գնումների մասին օրենքը թույլ չի տալիս այդ դեղը գնել:

«Գնումների մասին օրենքի համաձայն՝ եթե նույն պրեպարատն է, այդ դեպքում պետք է գնվի էժանը», - ասաց Թորոսյանը։

Հայաստանի գլխավոր հոգեբույժի խոսքով՝ խնդրին տեղյակ են Կառավարությունում, բայց համոզված չէ, որ անգամ այսչափ բողոքներից հետ հաջորդ տրավա համար նախատեսված գնումների ժամանակ կնախընտրեն հիվանդների պահանջած տարբերակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG