Մատչելիության հղումներ

Այսօր Մայդանի առաջին տարեդարձն է


Ուկրաինա - Մոտ 100 հազար ցուցարարներ շրջափակել են կառավարության շենքը, Կիև, 24-ը նոյեմբերի, 2013թ.
Ուկրաինա - Մոտ 100 հազար ցուցարարներ շրջափակել են կառավարության շենքը, Կիև, 24-ը նոյեմբերի, 2013թ.

Ճիշտ մեկ տարի առաջ` 2013 թվականի նոյեմբերի 21-ին տասնյակ հազարավոր կիևցիներ հավաքվեցին Անկախության հրապարակում, որի անունն ուկրաիներեն «Մայդան Նեզալեժնոստի» է։

Բողոքի նպատակն էր դատապարտել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը սառեցնելու վարչապետ Նիկոլայ Ազարովի որոշումը։

Նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Ասոցացման պայմանագիրը։ Կիևում ցույցերը նոր թափ ստացան։ Սկսվեցին բախումներ։ Դեկտեմբերի սկզբին իրավիճակը է՛լ ավելի սրվեց։

2015-ի հունվարի 19-ին Կիևում ցուցարարների թիվը հասավ մինչև կես միլիոնի։ Հունվարի 22-ին Գրուշևսկու փողոցում տեղի ունեցավ առճակատում, զոհվեց երեք ցուցարար, այդ թվում՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը։

Ամբողջ երկրում ծավալվեցին զանգվածային ընդվզումներ, ընդ որում արևելյան հատվածում՝ ռուսամետ կարգախոսների ներքո։ Փետրվարի 21-ին ընդդիմությունը նախագահ Վիկտոր Յանուկովիչին ներկայացրեց մինչև առավոտյան ժամը 10-ը հրաժարական տալու վերջնագիր։ Յանուկովիչը և խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հեռացան Կիևից։

Փետրվարի 22-ին խորհրդարանը հայտարարեց, որ նախագահը ինքնամեկուսացվել է, հետևաբար՝ կանցկացվեն նոր ընտրություններ։ Նախագահի պաշտոնակատար նշանակվեց Գերագույն ռադայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ՝ Արսենի Յացենյուկը:

Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդից ստացավ ռուսական զորքը Ուկրաինայում օրտագործելու իրավունք։ Մարտի 11-ին Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդը և Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը ընդունեցին անկախության հռչակագիր, որի համաձայն՝ այդ կազմավորումները կարող են հանրաքվեով ընդգրկվել Ռուսաստանի կազմում։

Հանրաքվեն տեղի ունեցավ մարտի 16-ին։ Մարտի 18-ին Ղրիմը և Սևաստոպոլը բռնակցվեցին Ռուսաստանին։ Արևմուտքը սկսեց Ռուսաստանի նկատմամբ սահմանել հետզհետե ավելի ծանր պատժամիջոցներ, Ուկրաինայի նախագահ ընտրվեց Պետրո Պորոշենկոն։

Ամռանը Դոնեցկի շրջանում խփվեց մալազիական օդանավը, զոհվեց 298 մարդ: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում, Կիևի և Արևմուտքի համոզմամբ՝ «Բոինգ»-ը «Բուկ» տեսակի հրթիռով ոչնչացրել են ռուսամետ անջատականները։

Կիևը ստորագրեց Ասոցացման պայմանագիրը, ապրիլից Դոնբասում ծավալվեցին մարտական գործողություններ։ Այսօրվա դրությամբ՝ սպանվել է ավելի քան 4 հազար 300 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG