Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանն այսօր կքննի Հրաչյա Հարությունյանի վերաքննիչ բողոքը


Հարությունյանը անհիմն է համարում փաստաթղթեր կեղծելու մեղադրանքը:

Այսօր Մոսկվայի Վերաքննիչ դատարանում նշանակված է Հրաչյա Հարությունյանի բողոքի քննությունը:

Այս տարվա օգոստոսին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել Հրաչյա Հարությունյանին՝ նրան մեղավոր ճանաչելով տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։

Հարությունյանը մեղադրվում է 2013 թվականի հուլիսին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի համար, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։ Նրա վարած բեռնատարի արգելակները սարքին չեն եղել:

Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղքը միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասով: Նա պնդել է, որ չէր կարող նախապես տեղյակ լինել մեքենայի արգելակների անսարքությանը, իսկ հոծ գիծը խախտել է՝ փորձելով խուսափել մեծ վթարից, մինչդեռ հանդիպակաց դուրս է եկել ավտոբուսը: Այս իրավիճակի իրավական գնահատականը, ըստ դատավճռի այն է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ ծանր հետևանքներով:

Հրաչյա Հարությունյանը չի վիճարկում դատավճիռը մեղադրանքի առաջին մասով, իսկ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքը նա համարում է անհիմն: «Դա պատժաչափի վրա չի ազդի, բայց մարդը չի կարող մեղավոր լինել այն բանի համար, ինչը չի արել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը՝ նշելով, որ վերաքննիչ բողոքով դատարանից խնդրում է իր պաշտպանյալին արդարացնել երկրորդ մեղադրանքի մասով:

Հայաստանի սահմանների պաշտպանության մասնակից Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան էր մեկնել արտագնա աշխատանքի: Նա Հայաստանում սոցիալական խնդիրներ է ունեցել:

Փաստաբանները հայտարարում էին, որ Հայաստանի կառավարությունը պետք է երաշխիքներ պահանջեր և ստանար, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքները գործի քննության ողջ ընթացքում ապահովված կլինեն: Դա հնարավոր է բացառապես պաշտոնական դիմումների, պաշտոնական հարցումների, պահանջների մակարդակով:

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների և արդարադատության նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրերն ուժի մեջ էին այն պահին, երբ Հրաչյա Հարությունյանին տեսախցիկների առջև խալաթով էին տարել դատարան՝ կալանավորելու: Հարությունյանի փաստաբանի բազմաթիվ միջնորդությունների, դատական հայցերի արդյունքը եղավ այն, որ նրան խալաթով դատարան տեղափոխած քննիչին հեռացրին համակարգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG