Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ի ներկայացուցիչը հավաստիացնում է՝ եռյակը երկյակ չի դառնում


ԲՀԿ-ի ներկայացուցիչը հավաստիացնում է՝ եռյակը երկյակ չի դառնում
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Եռյակը երկյակ չի դառնում, հավաստիացնում է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մելքումյանն ասում է՝ եռյակը համագործակցում է կոնկրետ խնդիրների շուրջ, բայց դա չի խանգարում անդամ կուսակցություններին ծավալելու նաև ինքնուրույն քաղաքական գործունեություն։

«Եթե այդ հայտարարությունները չեն հակասում եռյակի գործունեությանը, օգտակար են, չեզոք են, լրացնում են, փոխլրացնում են, որևէ խնդիր չկա։ Հիմա Րաֆֆիի հայտարարությունը որևէ բանով չի հակասում եռյակի գործունեությանը»,- «Ազատությանը» ասաց ԲՀԿ պատգամավորը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը անցած շաբաթավերջին հայտարարեց՝ «Ազատության հրապարակի հարթակն առայժմ միացյալ չէ, եռյակը չունի ամբողջական օրակարգ»։ Անհապաղ և ամբողջական իշխանափոխության պահանջով «Ժառանգությունը» դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հավաք կանցկացնի, հաջորդ օրը կմեկնի Վանաձոր և Գյումրի: Հովհաննիսյանը, սակայն, չի հստակեցնում՝ լքո՞ւմ է եռյակը, առանձին է գործո՞ւմ, թե, այնուամենայնիվ, եռյակի ձևաչափը դեռ կենսունակ է համարում «արագ իշխանափոխության ճանապարհին»։

««Ժառանգությունը» եռյակի անդամ է և կարող է եռյակի օրակարգ մտցնել հարցեր՝ ամբողջականացնելով օրակարգը։ «Ժառանգությունը» ազատ է, իրենց ներկայացուցիչները մասնակցում են եռյակի նիստերին, թող մտցնեն, լրացնեն, ի՞նչ կա որ։ Այսինքն ինքը խնդի՞ր ունի իր անդամների հետ, ես չեմ հասկանում»,- ասաց Մելքումյանը։

Եռյակում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ բանակցող «Ժառանգության» անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը հրաժարվում են մեկնաբանել իրենց կուսակցության ղեկավարի հայտարարությունը՝ արդյո՞ք այն եռյակը լքելու մասին է։ Մարտիրոսյանն ասաց՝ առաջիկա օրերին Հովհաննիսյանն ինքը կպատասխանի այդ հարցին։

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց.- «Քանի որ մենք ենք նախաձեռնել, հետևաբար կարող են մեզ լքել, բայց մենք հասարակությանը, միացյալ հրապարակը երբեք չենք լքելու, մինչև չունենանք օրինական իշխանություն»։

Փոստանջյանի կարծիքով՝ եռյակը խորհրդարանական համագործակցության ձևաչափ է, որն այսօր «չի սպասարկում ազգային շահը»։

«Կարող եմ ասել՝ հրապարակը միասնական է, բայց այդ հրապարակի առջև կանգնած հարթակը դեռ միասնական չէ և չունի միասնական օրակարգ, և նաև որոշումները չի ընդունում որպես միասնական, գործող մարմին։ Այս է խնդիրը»,- ասաց պատգամավորը։

«Ժառանգության» պատգամավորը կարծում է՝ Հայաստանին անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց է նախաձեռնում։ Փոստանջյանն ասաց՝ Նիկոլին միայնակ չի հաջողվի մտահղացումը գլուխ բերել, պատգամավորին այդ գործում պետք է օգնեն ոչ իշխանական ուժերը.- «Մենք հանձնո՞ւմ ենք այդ քննությունը, թե՝ մնում ենք նորից նույն դասարանում»։

Հանրապետական Գագիկ Մելիքյանը թերահավատ է եռյակի կենսունակությանը.- «Քառյակը վերածվեց եռյակի, և կարծում եմ՝ այդ պրոցեսը չի բացառվում, որ դա շարունակվի»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։

XS
SM
MD
LG