Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք Հարավային Կովկասի համար


Նալբանդյան. Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք Հարավային Կովկասի համար
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00

Հայաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Բաքվի անհամաչափ ռազմական ծախսերը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, երեկ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների», - ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա ընդգծել է, որ որքան նավթագազային եկամուտներ են մտնում Ադրբեջանի բյուջե, այնքան շատ զենք և սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից:

«Նախորդ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը 136 միլիոնից հասել են 3.6 միլիարդ դոլարի 2014 թվականին` աճելով ավելի քան քսանհինգ անգամ, և Բաքուն այժմ պարծենում է, թե եկող տարվա ռազմական բյուջեն աճելու է 27 տոկոսով` կազմելով 4.8 միլիարդ դոլար: Ադրբեջանի կողմից անհամաչափ ռազմական ծախսերը և սպառազինության ձեռքբերումը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը», - ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Բաքուն մերժել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները՝ ներկայացված Սանկտ Պետերբուրգում, Աստրախանում, Սոչիում և Կազանում կայացած գագաթնաժողովների ընթացքում:

«Բայց ամենից զարհուրելի քայլը ադրբեջանցի սպա Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելն էր, ով կացնով գլխատել էր քնած հայ սպային, երբ նրանք Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացին: Երբ անցյալ տարվա նոյեմբերին` տխրահռչակ սաֆարովյան դեպքից որոշ ժամանակ անց, համանախագահների ջանքերի շնորհիվ Վիեննայում վերսկսվեցին շփումները` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հույսեր առաջացան, որ բանակցային գործընթացը կարող է առաջ շարժվել: Ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Ադրբեջանը արեց հնարավոր ամեն ինչ` ապակայունացնելու իրավիճակը հակամարտության գոտում», - ասել է նախարարը։

Նալբանդյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է իրականացրել, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի` կտրուկ մեծացնելով լարվածությունը, հայ գյուղացին, ով սխալմամբ շփոթվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, «տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով դաժանորեն նվաստացվեց տեսախցիկների առջև, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից»։

«Ադրբեջանում ականավոր լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների ահաբեկումն ու հետապնդումը, նրանց «Հայաստանի լրտեսներ», «ժողովրդի թշնամիներ» պիտակավորումը սովորական երևույթ են դարձել և օգտագործվում են` խաղաղության ու հաշտեցման ջատագովներին զրպարտելու, վարկաբեկելու նպատակով։ Այս ամենը լրջորեն վտանգում է բանակցային գործընթացը», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարն ասել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները, նախևառաջ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ապա ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ Նյուպորտում, այնուհետև Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթնաժողովներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով։

Փարիզյան հանդիպումից անմիջապես հետո, շեշտել է Նալբանդյանը, Ադրբեջանի ղեկավարությունը բարձրացրեց հակահայկական սադրիչ հռետորաբանության մի նոր ալիք, և այդ երկրի պաշտպանության նախարարը նորից սպառնաց, որ իր երկիրը կլուծի ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները»։

Նալբանդյանը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը. - «Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը` օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև: Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»։

Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար, ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել։ Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի արցախյան հիմնախնդի կարգավորման համար», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG