Մատչելիության հղումներ

Մարզային հեռուստաընկերությունները «փակման եզրին» են


Մարզային հեռուստաընկերությունները «փակման եզրին» են
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00

Հաջորդ տարվա կեսից արդեն Հայաստանում հնարավոր չի լինի հեռուստացույց դիտել առանց հեռուստացույցի թվային ընդունիչի: Հեռուստադիտողները կա՛մ պետք է 20-100 դոլար ծախսեն սարք ձեռք բերելու վրա, կա՛մ նոր հեռուստացույց գնեն՝ համապատասխան տեխնիկական ցուցանիշներով: Հեռուստադիտողների համար այս լուրը տհաճ նորություն էր:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ կառավարությունը շուրջ 100 հազար սարք անվճար կտրամադրի անապահով խավին: Իրավապաշտպանները մինչդեռ փաստում են՝ իրականում, միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանում 130 հազար չքավոր ընտանիք կա:

Նախարար Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր է այդ սարքերը անվճար տրամադրել բոլոր կարիքավորներին: Նախարարը, սակայն, կասկածի տակ դրեց կարիքավորների ու ապահովների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը:

«Կան բավականին շատ ընտանիքներ, որոնք հա՛մ ապահով են, հա՛մ, ըստ օրենքի, սոցիալապես անապահով են, որոնք մենք այսօր հաշվարկել և կանխատեսել չենք կարող, դրա համար նախնական՝ 100 դիմում մենք պետք է որ չունենանք», - ասաց Բեգլարյանը:

Թվայնացումը լուրջ խնդիր է նաև հեռուստաընկերությունների համար․ փորձագետները նշում են՝ ամենավատ վիճակում են մարզային հեռուստաընկերությունները, որոնցից շատերը կանգնած են փակման վտանգի առջև: Մի քանի տարի առաջ անցկացված մրցույթում ամեն մարզում ընդամենը մեկ հեռուստաընկերություն է թվային հեռարձակման արտոնագիր ստացել, մյուսները ստիպված են անցնել մալուխային կամ ինտերնետային հեռարձակման:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, այդ ընտրությունը շատ դեպքերում արդար չի եղել:

«Այն հնարավորություն է տալիս անարդար որոշումներ կայացնելու, և մենք ականատես եղանք այդպիսի որոշումների 2010 թվականին, երբ շատ ավելի կայացած և ավելի հզոր հեռուստաընկերություններ չստացան, և նույնիսկ անհայտ հեռուստաընկերություններ՝ հաղթեցին շատ ավելի հայտնիներին», - մեկնաբանեց Մելիքյանը:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության ղեկավար Գրիգոր Ամալյանը, անդրադառնալով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք թվայնացման անցնելը լուրջ բեռ չէ լիցենզիայի խնդիր ունեցող մարզային հեռուստաընկերությունների համար, ասաց, որ այդ խնդիրները 1000-1500 դոլարի սահմաններում հնարավոր է լուծել:

Մինչդեռ «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը պնդում է, որ խոսքը շուրջ 30 հազար դոլարի մասին է:

«Անալոգայինները ուզում են փակել, այդ իմաստով ենք մենք փակման եզրին: Հիմա ինտերնետում էլ կանք, կաբելայինում էլ կանք, մենք մեր գլխի ճարը տեսել ենք, բայց դա չէ խնդիրը: Տեխնիկական վերազինում՝ դա նշանակում է տեսախցիկ: Թվային տեսախցիկները շատ ավելի թանկ են: Այնտեղ կան նաև ուրիշ բաներ, մոնտաժային սարքեր: Կոպիտ հաշվարկներով՝ երեսուն հազարի մոտիկ ծախսեր են ավելանալու», - ասաց «Հրազդան» հեռուստաընկերության տնօրենը:

Մեդիա փորձագետները պնդում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ թվայնացմանը, օրենքը ունի բազմաթիվ բացեր, որոնց լրացնելու համար երեք հասարակական կազմակերպություններ օրենսդրական առաջարկներ են մշակել՝ արտոնագրերի տրամադրման կարգը վերանայելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG