Մատչելիության հղումներ

Քաղաքացիական իրավունքների ջատագովները պարգևատրվեցին Ազատության շքանշանով


Մինչ քաղաքացիական իրավունքների և իրավահավասարության պայքարը Միացյալ Նահանգներում շարունակվում է, նախագահ Բարաք Օբաման Ազատության շքանշաններով է պարգևատրել 19 գործիչների, ովքեր մեծ ներդրում են կատարել ապագա սերունդների համար արդար, ապահով և բազմամշակույթ կյանք ապահովելու բնագավառում:

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հետմահու շքանշանով են պարգևատրվել նաև 50 տարի առաջ Միսիսիպի նահանգում ընտրական գրանցումների ժամանակ զոհված երեք ամերիկացիներ: Շքանշանները ընդունել են 1964 թվականի «Ազատության ամառ» կոչվող շարժման զոհված անդամներ Ջեյմս Չեյնիի, Էնդրյու Գուդմանի և Մայքլ Շվերների հարազատները։

«Ջեյմսը, Էնդրյուն և Մայքլը չէին կարող պատկերացնել իրենց գործունեության ազդեցությունը ապագա սերունդների վրա։ Սակայն այսօր նրանց զոհաբերությունները ներշնչում են մեզ շարունակել պայքարը հանուն հավասարության և արդարության», - ասել է նախագահ Օբաման։

Նախագահական մեդալին արժանացած երեք գործիչները զոհվել են «Կու Քլաքս Քլան» կոչվող ռասիստական խմբի հարձակման ժամանակ։ Այդ խմբի անդամներից մեկը դատապարտվել էր հանցագործությունից ավելի քան 40 տարի անց։

Հետմահու շքանշաններով են պարգևատրվել նաև քաղաքացիական շարժման գործիչ և պարուսույց Էլվին Էյլին, ճապոնական ծագմամբ ամերիկացի և Հավայիի կոնգրեսական Պատսի Մինկը և Կոնգրեսում իսպանածինների հարցերով խմբի հիմնադիր Էդուարդ Ռոյբալը։

Նախկին պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող 90-ամյա Չարլզ Սիֆորդը նույնպես պարգևատրվել է Ազատության շքանշանով՝ Ամերիկայի գոլֆի ընկերակցությունում ցեղախտրության դեմ պայքարի համար։

Ազատության շքանշանով է պարգևատրվել բնիկ հնդկացի ամերիկացի իրավապաշտպան, բանաստեղծ և մանկավարժ Սյուզան Հարջոն, ով բազմաթիվ բնիկ ամերիկացիների օգնել է իրենց նախնիների հողերին վերատիրանալու գործում։

«Սյուզանի շնորհիվ բազմաթիվ հնդկացի ամերիկացիներ հպարտանում են իրենց ժառանգությամբ, լավատես են ապագայի նկատմամբ, և Սյուզանը մեզ սովորեցրել է, որ հնդկացիների արժեքների շնորհիվ ամերիկացիներն այսօր առավել հզոր են», - ասել է Օբաման։

Այս տարվա դափնեկիրների թվում է նաև դերասանուհի Մերիլ Սթրիփը։ «Իր դերերում նա ներկայացնում է մարդկային կարեկցանքով հարուստ կերպարներ, իսկ էկրանից դուրս պաշտպանում է կանանց իրավունքները և օգնում, որ մենք ավելի լավ հասկանանք կանանց խնդիրները», - ասել է նախագահը։

Ազատության շքանշանով են պարգևատրվել նաև Չիլիում ծնված գրող Իսաբել Ալենդեն, լրագրող Թոմ Բրոկաոն, հանգուցյալ սենատոր Ռոբերտ Քենեդիի այրի Էթել Քենեդին և երգիչ, երգահան Սթիվի Ուոնդերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG