Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահ. Իմ ղեկավարած երկիրը չի ներքաշվի աշխարհաքաղաքական խաղերի մեջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ

Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է ամուր պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։

«Իմ ղեկավարած երկիրը չի ներքաշվի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չնայած նրան փորձում են ներքաշել նման հակամարտություններում»,- երեկ Ռուսաստանի զինված ուժերի հարցով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ոչ մեկին չենք սպառնում և չենք պատրաստվում ներքաշվել աշխարհաքաղաքական խաղերի, ինտրիգների և հակամարտությունների մեջ», - ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ամուր պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և Ռուսաստանի դաշնակիցների անվտանգությունը։

Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ պաշտպանության ոլորտում փաստաթղթեր են մշակվում, որոնք առաջիկա տասը տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի զարգացման համար հիմք կհանդիսանան։

Փորձագետների պնդմամբ՝ խոսքը սպառազինությունների նոր պետական ծրագրի՝ ռազմական դոկտրինի և, այսպես կոչված, «Սպիտակ գրքի» մասին է։

Այսօր գործող ռազմական դոկտրինը, հիշեցնենք, Ռուսաստանն ընդունել էր 2010 թվականին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, և, հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական զարգացումները և Ռուսաստանի մեկուսացված լինելը, Մոսկվան անհրաժեշտ է համարում մշակել նոր ռազմական դոկտրին։

Փորձագետները աշխարհաքաղաքական խաղերից խուսափելու մասին Պուտինի երեկվա հայտարարության մեջ նահանջ են տեսնում, հատկապես Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից մեկի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարություններից հետո։

Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի դեռ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվան հստակ քայլեր չի ձեռնարկում։

Այսօր Կրեմլի մամլո ծառայությունը կարճ հայտարարությունով տեղեկացրել է, որ երեկ երեկոյան ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Փորձագետներն ասում են, որ նավթի գնանկման և ռուբլու անկման ֆոնին Մոսկվան փորձում է ուկրաինական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ գտնել։

Ավելի հստակ Կրեմլի առաջիկա քայլերի մասին հայտնի կդառնա հավանաբար դեկտեմբերի 10-ին, այդ օրը Պուտինը հանդես է գալու Դաշնային ժողովին իր ավանդական ուղերձով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG