Մատչելիության հղումներ

Եվրոպամետների և ռուսամետների թեժ պայքար Մոլդովայում


Մոլդովայում երեկ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Վարնիտա ավանի ընտրատեղամաս, 30 հունիսի, 2014թ.
Մոլդովայում երեկ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, Վարնիտա ավանի ընտրատեղամաս, 30 հունիսի, 2014թ.

Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում տնտեսապես թերզարգացած հետխորհրդային փոքր երկիրն է` Մոլդովան, որտեղ թեժ պայքար է ծավալվել եվրոպամետ և ռուսամետ ուժերի միջև։

Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում աննշան առավելությամբ առաջ են անցնում եվրոպամետ կուսակցությունները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսը և հայտնել, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 19.45, դեմոկրատները՝ 15.7 տոկոսը, լիբերալները՝ 9.4 տոկոսը։

Ընդհանուր հաշվով երեք ուժերը միասին ունեն քվեների 44.55 տոկոսը, ինչը հնարավորություն կտա 101 տեղանոց խորհրդարանում ապահովել 54 տեղ և համաձայնության հասնելու դեպքում կոալիցիոն կառավարություն կազմել, սակայն անցյալում այդ երեք ուժերի միջև եղել են լուրջ տարաձայնություններ։

Ռուսամետ ուժերից սոցիալիստական կուսակցությունը 21.4 տոկոս է ստացել, կոմունիստները` 17.9, ինչը խորհրդարանում այդ ուժերի միավորման դեպքում կապահովի տեղերի մոտ 40 տոկոսը։

Մոլդովան 2009 թվականից ղեկավարել է լիբերալ-դեմոկրատների, դեմոկրատների և լիբերալների կոալիցիոն կառավարությունը, որն այս տարվա հունիսին Եվրամիության հետ կնքել է Ասոցացման պայմանագիրը։ Սակայն դաշինքի մաս կազմած լիբերալները անցել են ընդդիմության ճամբար։

Սոցիալիստները Ռուսաստանի հետ մերձենալու և Մաքսային միությանն անդամակցելու կողմնակիցներ են։ Նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի ղեկավարած կոմունիստները, իհարկե, ռուսամետ են, սակայն պնդում են, որ դեմ չեն եվրոպական ինտեգրման գաղափարին։

Մոլդովայի լիբերալ-դեմոկրատների ղեկավար Վլադ Ֆիլատն այսօր ասել է, որ կուսակցությունը պատրաստ է եվրոպամետ այլ ուժերի հետ բանակցել կոալիցիա կազմելու շուրջ։

«Մենք պետք է լինենք ոչ թե մեկ ուրիշի վասալ, այլ անկախ երկիր»,- ասել է Ֆիլատը՝ նկատի ունենալով տարածաշրջանն ազդեցության տակ պահելու Ռուսաստանի փորձերը։

Մոլդովայում վիճակը սրվել էր քվեարկությունից երեք օր առաջ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արգելել էր «Պատրիա» («Հայրենիք») կուսակցության մասնակցությունն ընտրություններին՝ պարզաբանելով, որ «Պատրիան» ապօրինի եղանակով ֆինանսական օգնություն է ստանում արտասահմանից։

Բնականաբար, խոսքը Ռուսաստանի մասին է։ Կուսակցության ղեկավար, ռուս գործարար Ռենատո Ուսատին հերքել է մեղադրանքները, բայց ապահովության համար անմիջապես տեղափոխվել է Ռուսաստան։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունն Ուսատիի փախուստից հետո հայտարարել է, թե Մոլդովայի ընտրությունների արդարությունը կասկածի տակ է գտնվում։

ԵԱՀԿ դիտորդների փոխանցմամբ, Մոլդոովայի ընտրություններում մեծ տեղ ունի աշխարհաքաղաքական գործոնը, սակայն բուն քվեարկությունն ընդհանուր առմամբ լավ է կազմակերպված։

Ինչպես և նախորդ ընտրություններում, Մերձդնեստրը քվեարկությանը չի մասնակցել։ Մոլդովայի բնակչության 78 տոկոսը մոլդովացիներ են, ովքեր իրենց էթնիկապես ռումինացի են համարում, 14 տոկոսը ռուս են և ուկրաինացի, կան նաև բուլղարացիներ, գագաուզներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։

Մոտ 650 հազար քաղաքացի աշխատում է արտասահմանում, նրանցից 300 հազարը` Ռուսաստանում, իսկ 350 հազարը` Եվրամիության երկրներում։ Մոլդովայի նախկին նախագահ և խորհրդարանի նախկին խոսնակ Միհայ Գիմպուն ասել է, որ երկիրը ցանկանում է առաջ գնալ եվրոպական ճանապարհով։

«Մեզ պետք է արդարություն և ազատություն, մեզ պետք են ազնիվ ղեկավարներ, ամեն ինչ կառավարությունից է կախված, մենք կունենանք լավ դատավոր, լավ դատախազ, լավ ոստիկան, լավ պաշտոնյա, եթե ընտրենք լավ կառավարություն»,- ասել է Գիմպուն։

Մոսկվայում Մոլդովայի դեսպանատուն քվեարկելու համար եկած քաղաքացիներից շատերը ռուսամետ դիրքորոշում ունեն. Վիտալի Կալդարեն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, որ հարկ է պահպանել և սերտացել կապը Ռուսաստանի հետ։

«Եթե գնանք Եվրոպա, շատ լուրջ խնդիրներ կունենանք, մեր ծնողներն անցյալ դարի 40-ականներից ռուսների հետ են»,- ասել է քաղաքացին։

Գործող վարչապետ Լուրիե Լեանչան ասել է, որ քվեն տալիս է եվրոպական Մոլդովային։

«Ես քվեարկում եմ արդար և բարգավաճ Մոլդովայի օգտին»,- ասել է Լեանչան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG