Մատչելիության հղումներ

Դրամի վայրիվերումները շարունակվում են


Դրամը շարունակում է արժեզրկվել
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00

Դրամն այսօր տատանումների մեջ էր։ Եթե կեսօրին մոտ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց պահանջում էին 465-470 դրամ, ապա օրվա վերջում դոլարն արժեր 450 դրամ:

Դրա պատճառը, տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի կարծիքով, այն է, որ հայաստանյան բանկերը խուսափում են դոլար վաճառել, քանի որ վստահ չեն, թե արդյոք փոխարժեքը կկայունանա:

«Ես տեղյակ եմ, որ Կենտրոնական բանկը ինչ-որ վարչական մեթոդներով փորձել է այդ հարցը լուծել, այսինքն՝ հավաքել բանկի ներկայացուցիչներին և նրանց դիմել, խնդրել կամ պահանջել, որպեսզի արտարժույթը վաճառեն շուկայում, բայց նրանք չեն գնացել դրան, որովհետև իրենց մոտ դեռևս վառ է հիշողությունը 2009 թվականի, երբ որ Կենտրոնական բանկի նման քայլերի արդյունքում նրանք գնացին դրան՝ արտարժույթ հանեցին շուկա և հետագայում մեկ միլիոնից ավել համարյա բոլոր բանկերը վնաս կրեցին և էդ վնասը ոչ ոք չփոխհատուցեց», - «Ազատությանն» ասաց Վահագն Խաչատրյանը:

Ռուսաստանյան ընկերությունները նպաստում են դրամի արժեզրկմանը

Խաչատրյանի համոզմամբ, դրամի կտրուկ արժեզրկման պատճառներից է նաև այն, որ Հայաստանում գործող ռուսաստանյան ընկերությունները ձգտում են ձերբազատվել իրենց մոտ կուտակված և օր օրի արժեզրկվող ռուբլուց և այստեղ՝ Հայաստանում դոլար ու եվրո են գնում: Արդյունքում՝ դրանք թանկանում են, դրամը՝ արժեզրկվում:

«Այդ բանկերի վերլուծությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում արտարժույթի սով է լինելու՝ կոնկրետ դոլարի: Այստեղ էլ Ռուսաստանի տնտեսական շրջանակների ներկայացված կազմակերպություններն են ուզում ձերբազատվեն իրենց ռուբլուց: Ես կարծում եմ, որ սա լրացուցիչ ճնշում է առաջացնում մեր արտարժույթի շուկայում և չնախատեսված չափերով և քանակով արտարժույթ է գնվում նաև հենց ռուսական ընկերությունների կողմից», - նշեց Խաչատրյանը:

Կյանքը թանկանում է

Տնտեսագետն ընդգծեց, որ դրամի արժեզրկումն անխուսափելիորեն հանգեցնելու է մարդկանց կենսամակարդակի անկմանը․ ապրանքները, ծառայությունները կթանկանան, մինչդեռ աշխատավարձերը չեն բարձրանում:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կարեն Չիլինգարյանը փոխանցեց իրենց դիտարկումների արդյունքները․ - «Ներկրվող ապրանքների հետ կապված իհարկե դրամ-դոլար հարաբերությունների հետ կարելի է կապել, էդպիսի ներկրվող ապրանքները մոտավորապես մի 15 -20 տոկոս բարձրացել են»:

Դրամի կտրուկ տատանումներից դժգոհ են նաև գործարարները: Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ դրամի նման վայրիվերումները վտանգավոր են բիզնեսի համար:

«Կարևորը շուկայի համար կայուն և լողացող կուրսն է: Եթե արժեզրկում է լինում, լինի 1-2 տոկոս, 3 կամ 1 ամսվա ընթացքում, բայց այդ թռիչքը միշտ վտանգավոր է», - ասաց Ղազարյանը:

ԿԲ․ «Այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ»

Վերջին օրերի ընթացքում Կենտրոնական բանկը երկրորդ անգամ հանդես եկավ հայտարարությամբ: Դրամի փոխարժեքի «տատանողականության աճը» բացատրելով միջազգային արտարժութային շուկաներում տեղի ունեցած «մեծ տատանումներով»՝ Կենտրոնական բանկն այսօր հավաստիացրեց, որ պատրաստակամ է «կայունացնել շուկայում իրավիճակը»:

«Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան»:

«2009-ի դասերը չեն քաղել»

Վահագն Խաչատրյանը հիշեցրեց 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո իշխանությունների բազմաթիվ հայտարարությունները, թե քայլեր են ձեռնարկելու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար, որպեսզի արտաքին վտանգների առջև Հայաստանի տնտեսությունը դառնա քիչ խոցելի:

«Անցել է հինգ տարի, բայց տեսնում ենք, որ այդ հայտարարությունները դատարկ խոսքեր են, Ռուսաստանում գործերը կրկին վատացան, տրանսֆերտները կրճատվեցին և դրամը արժեզրկվեց», - ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով․ - «Մեզ մոտ արտահանման կառուցվածքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և էս հինգ տարի այդ գումարները, որ ծախսվեցին՝ արտաքին պարտք, արտարժույթ, դրանք իրական հատված մտնելու փոխարեն ուղղակի ֆինանսական շուկայում որոշակի կայունություն ստեղծեցին էդ կայունությունն էլ տեսաք, թե ինչպիսի վիճակում է: Կայուն հասկացողությունը շատ հարաբերական է, այսինքն մի օրվա մեջ այդ կայունությունն ուղղակի քանդվում է, որովհետև մեր այս տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսությունից շատ մեծացավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG