Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը ոստիկանապետի հայտարարությունում սարսափի մթնոլորտ ստեղծելու միտում է տեսնում


Իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյան, Ավետիք Իշխանյան, արխիվ
Իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյան, Ավետիք Իշխանյան, արխիվ

«Մենք դեռևս ապրում ենք Խորհրդային Միությունում», - ասում է Ավետիք Իշխանյանը:

«Ես ողջունում եմ Վովա Գասպարյանի այդ խոսքը, ինչո՞ւ՝ որովհետև բավականին անկեղծ ասաց այն, ինչ շատերը զգում են, բայց չեն ասում, որովհետև այդպիսի բաները չեն ասվում»․ - «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությանը։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանապետը լրագրողներ հետ զրույցում ասաց, թե եռյակի հանրահավաքներում վտանգ չի տեսնում, մինչև 2018 թվականը իշխանափոխություն չի կանխատեսում: «Ես, ըստ մասնագիտության, մարդ եմ, որը տիրապետում է շատ ինֆորմացիայի: Ես ավելորդ տեղը ոստիկանական ուժերը չեմ վատնում, որովհետև բացի ոստիկանական արտաքին ծառայությունից կան և ոստիկանական քողարկված, ծպտյալ ծառայություններ: Ես գիտեմ ով ինչ է մտածում, ինչ է շնչում», - հայտարարեց Գասպարյանը:

Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ այս գործելաոճի պատճառը ոչ թե ոստիկանապետն է, այլ երկրի կառավարման համակարգը, և զուգահեռներ անցկացրեց խորհրդային տարիների հետ:

«Սա քաղաքակիրթ երկրների համար ընդհանրապես անհասկանալի բան է: Որովհետև խորհրդային տարիներին մենք գիտեինք, որ ամեն տեղ դրված էին կագեբեի ու ոստիկանության գործակալները, դա խորհրդային ամբողջատիրություն էր, որ մենք գիտեինք, նույնիսկ անեկդոտներ կային դրա մասին և այլն։ Որ այդ ավանդույթները շարունակվում են՝ դա մենք զգում էինք, բայց որ բացահայտ ասի ոստիկանապետն իրեն ժողովրդավարական, իրավական պետություն հռչակած երկրում՝ դա շատ հետաքրքիր է», - շեշտեց իրավապաշտպանը՝ հավելելով․ - «Մենք անընդհատ խոսում ենք տարբեր հարցերի մասին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլն, բայց, փաստորեն, այս բացահայտումը ցույց է տալիս, որ մենք դեռևս ապրում ենք Խորհրդային Միությունում։ Չգիտեմ՝ սրան ի՞նչ անուն տալ»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ ծպտյալ մարդիկ ասելով ոստիկանապետն ակնարկել է բռնությունների հեղինակներին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ բռնության ենթարկվեցին իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, երեկ առավոտյան էլ ծեծի ենթարկվեց «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանը։ Ազատամարտիկներն այս միջադեպերն իշխանությունների կողմից իրենց լռեցնելու փորձ անվանեցին։

Ժաննա Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ այդ ծպտյալ անձինք լինեն տվյալ բռնությունների հեղինակները։

«Ոչ միայն բռնությունների, այնտեղ ցանկացած խոսակցություն՝ ինչ են նախապատրաստվում անել, ասենք, քաղաքական ուժերը, ինչ խոսակցություններ են եղել, այդ ամբողջ խոսակցությունները, բնականաբար, գնում հայտնվում են և վերլուծվում են և այլն։ Այսինքն՝ ամբողջը ներդրված է գործակալներով․ սա դա է նշանակում», - հավելեց Իշխանյանը։

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ ոստիկանապետը որոշել է ավելի բաց տեքստով ասել այն, ինչ մտածում է և ինչ անելու է։

«Սա ակնարկ է ավելի վատ իրավիճակ ստեղծելու, քան կա, հատկապես որ նա այսօր խոսել է նաև իշխանափոխության մասին, ասել է, որ իշխանափոխություն կլինի հինգ տարի հետո, ինչ-որ կանխատեսումներ է արել», - ասաց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանի համար անհասկանալի է նաև ոստիկանապետի՝ իշխանափոխության մասին խոսելու փաստը. - «Ի՞նչ իրավունք ունի և ի՞նչ գործ ունի որևէ պետության ոստիկանապետ՝ խոսելու իշխանափոխության մասին, դա քաղաքական խնդիր է։ Ոստիկանությունը դե յուրե ապաքաղաքական կառույց է, բացարձակապես նրա գործը չէ, թե ընդդիմությունը կամ քաղաքական ինչ-որ ուժեր ինչ են նախապատրաստում, իշխանափոխություն են ուզում անել, թե չէ։ Նա պետք է պահպանի մեր՝ մարդու իրավունքներն ու հասարակական կարգը, ուրիշ գործառույթ նա չունի»։

Ալեքսանյանն էլ հավելեց. - «Դրանք քաղաքացուն չեն պաշտպանելու, բազմիցս համոզվել ենք, և երբեք որևէ հանցագործության դեպք չի բացահայտվում՝ ո՛չ լրագրողների, ո՛չ էդ բռնությունների, ակտիվիստների։ Այսինքն՝ տեղի են ունենում նորանոր բռնություններ, և իրավիճակը գնալով վատթարանում է։ Ես այսպես կարող եմ ասել, որ վախեցնելու, սարսափի մթնոլորտ ստեղծելու այդ միտումն եմ տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG