Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը մոտ երկու տարի կտևի


Վլադիմիր Պուտինը իր ասուլիսում այսօր հույս է հայտնել, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը մոտ երկու տարի կտևի:

Պուտինի խոսքով՝ նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում երկու տարուց կսկսվի վերելքը: Ռուբլու անկումը, ըստ Պուտինի, երկար չի տևի:

Շատերն այսօր սպասում էին, որ Պուտինը կոշտ քննադատություն կհնչեցի Մեդվեդևի ղեկավարած կառավարության հասցեին, սակայն նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկն ու կառավարությունը ընդհանուր առմամբ ադեկվատ են գործում, թեև կարող էին ավելի օպերատիվ լինել:

Ընդհանրապես Պուտինը այսօրվա ասուլիսում փորձում էր լավատես լինել: Նրա խոսքով՝ տնտեսությունը անխուսափելիորեն կհարմարվի նավթի ցածր գների հետ, իսկ տնտեսությանը պետք է օգնեն նավթ ու գազ վաճառող ընկերությունները:

Անդրադառնալով միջազգային խնդիրներին՝ Պուտինը այսօր ասաց, որ Արևմուտքը նոր՝ «վիրտուալ» բեռլինյան պատ է կառուցում:

«Հիմնական խնդիրն այն է, որ մեր գործընկերները կանգ չեն առել, չնայած մեր բոլոր փորձերին: Նրանք չեն դադարել նոր պատեր կառուցելուց»,- ասաց Պուտինը:

Ասուլիսին ներկա ուկրաինացի լրագրողը հարցրեց՝ Պուտինը քանի՞ զինվոր է ուղարկել Դոնբաս, քանիսն են նրանցից մահացել և ի՞նչ է ասել նրանց հարազատներին, ի՞նչ պայմաններում և ե՞րբ է ազատելու ուկրաինացիներին:

Պատասխանելով այս հարցին՝ Պուտինը ասաց․- «Իրավապահ մարմինների տվյալներով հենց Սավչենկոն է մասնակցել ռուսաստանցի լրագրողների սպանությանը, և եթե պարզվի, որ նա մեղավոր չէ, ազատ կարձակվի»:

Ինչ վերաբերում է ռուսական զորքերին․- «Բոլոր այն մարդիկ, որ ինքնակամ մասնակցում են ռազմական գործողություններին, վարձու զինվորներ չեն, այլ կամավորներ են»:

Պուտինը փաստորեն չհերքեց, որ Ուկրաինայի արևելքում կան ռուսական զորքեր:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է միջամտել և բանակցություններ վարել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար: Պուտինը այսօր, սակայն, չի կիրառել «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն» արտահայտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG