Մատչելիության հղումներ

Փորձագետներ․ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Քլինթոնը և Բուշը


Թեև Քլինթոնը և Բուշը չեն հստակեցրել իրենց առաջադրվելու մտադրությունը, սակայն նրանց գործունեությունը վկայում էր նախագահ դառնալու ձգտումների մասին:

2016 թվականին Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրություններից երկու տարի առաջ, թեև դեռ որևէ մեկը չի հայտարարել իր հնարավոր առաջադրման մասին, այդուհանդերձ ամերիկացի ընտրողները սկսել են կողմնորոշվել՝ Ջեբ Բուշ, թե Հիլարի Քլինթոն:

«Ընտրողները կարող են կրկին վերադառնալ անցյալ: Այս երկու ընտանիքները կարծես կրկին ընտրապայքարի մեջ են մտնում: Սա թե հետաքրքրական է, թե վանող», - գրում է The Christian Science Monitor ամերիկյան պարբերականը՝ հիշեցնելով, որ 1992 թվականին Բիլ Քլինթոնը հաղթեց ավագ Ջորջ Բուշին՝ Ջեբի հորը, իսկ 2000 թվականին Ջեբի եղբայր Ջորջ Բուշ կրտսերը հաղթեց Քլինթոնի փոխնախագահ Ալ Գորին:

Հոդվածագիրը նշում է, որ թեև թե Քլինթոնը, թե Բուշը չեն հստակեցրել իրենց առաջադրվելու մտադրությունը, սակայն նրանց անցյալ տարիների գործունեությունը միանշանակ վկայում էր նրանց նախագահ դառնալու ձգտումների մասին:

«Բարձր վարկանիշ, մեծ փորձառություն ունեցող պետքարտուղար Հիլարի Քլինթոն: Նա Դեմոկրատական կուսակցության թերևս հաջորդ դրոշակակիրը լինելու բոլոր հնարավորություններն ունի, - գրում է պարբերականը, - Նահանգապետ Բուշը ևս անգործ չէ», - շարունակում է հոդվածագիրը՝ հավելելով, որ նրա անունը առավել ճանաչելի դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն իսկ նկատելի են:

Bloomberg Politics-ի անցկացրած հարցումների համաձայն, եթե ընտրությունները այսօր անցկացվեին, Քլինթոնը կստանար ձայների 43 տոկոսը, իսկ Ֆլորիդայի նախկին նահանգապետը՝ 37 տոկոսը:

Որոշ փորձագետների կարծիքով ամերիկացի ընտրողները բրենդ նախընտրող են:

«Մենք հասկանում և գնահատում ենք բրենդի արժեքը, հակառակ դեպքում մենք չենք ցանկանա վերականգնել Բուշին և Քլինթոնին», -«Politico»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքական ռազմավար Ալեքս Քաստելյանոսը:

«27 տարվա ընթացքում երրորդ անգամ նավթային Տեխասում նույն ընտանիքում ծնվածը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ: Երկիրը վերադառնում է ժառանգական կառավարման համակարգին», - հեգնում է Բրիտանական Huffington Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG