Մատչելիության հղումներ

Հեֆերն․ Հայաստանը կարող է շահել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ հարաբերություններից


Միացյալ Նահանգները ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ստեղծելու ռազմավարական հնարավորություններ, որպեսզի Երևանը կարողանա շահել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ համագործակցությունից:

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ զարգացնելու ռազմավարական տարածք, հնարավորություններ: Կարծում ենք, Հայաստանի, ինչպես ցանկացած երկրի համար իրապես կարևոր է հնարավորություններ ունենալ, և Միացյալ Նահանգները, ու այստեղ կարող եմ խոսել նաև Եվրամիության անունից, ցանկանում է օգնել, խորացնել համագործակցությունը Հայաստանի նետ տարբեր բնագավառներում, ցանկացած բնագացառում, ուր Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի համագործակցության քայլ կատարել: Մենք ցանկանում ենք դա անել ցանկացած՝ տնտեսական, դիվանագիտական, քաղաքական և նույնիսկ անվտանգության ոլորտներում», - այսօր հրավիրած հրաժեշտի ասուլիսում հայտարարեց մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

«Որովհետև մենք չենք կարծում որ այս համագործակցությունը կհանգեցնի զրոյական արդյունքի», - շարունակեց դեսպանը: - «Կարծում ենք, Հայաստանը կարող է շահել երկու կազմակերպությունների, երկու կողմի հետ հարաբերություններից էլ: Օրինակ, անվտանգության ոլորտում Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և դաշնակից է կազմակերպության մյուս պետությունների հետ: Բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շատ ամուր է, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին և ՆԱՏՕ-ի միջոցով շատ գործ է արվում պաշտպանական ոլորտի բարեփոխումների հետ կապված: Ուստի, Հայաստանը շահում է երկու կազմակերպությունների հետ համագործակցությունից, և երկու կազմակերպություններն էլ շահում են Հայաստանի հետ համագործակցությունից»:

«Եվ սա պետք է հնարավոր լինի ու կարծում եմ՝ հնարավոր է տնտեսական ոլորտում», - ասաց Հեֆերնը և շարունակեց․ - «Քանի որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, Արևմուտքում, մենք հուսով ենք և վստահ եմ՝ շարունակելու ենք համագործակցությունը Հայաստանի հետ: Ներդրումները, տնտեսական, առևտրային կապերը շարունակվելու են, շարունակելու ենք համագործակցել Հայաստանի հետ նշանակալից համատեղ շահավետ ճանապարհով: Այսինքն Հայաստանի հետ համագործակցությունում զրո արդյունք չի գրանցվի»:

«Ազատության» հարցին, թե Արևմուտքում արդյոք մտավախություն չունեն, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը սահմանափակումների առջև կկանգնի Եվրամիության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու առումով, Ջոն Հեֆերնը պատասխանեց․ - «Ինքնիշխանության հարցը… Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունք ունի անդամակցել այն միջազգային կազմակերպությանը, որին անհրաժեշտ կհամարի: Սա անկախության, ինքնիշխանության հիմնարար սկզբունքն է, և, կարծում ենք, բոլոր երկրները պետք է ունենան այդ իրավունքը: Եթե երկիրը անդամակցում է մաքսային միությանը, ինչպիսին է Եվրամիությունը, և, կարծում եմ, այդպիսին կդառնա Եվրասիական տնտեսական միությունը (ազատ առևտրի գոտին այլ բան է), ապա այդ երկիրը առևտրային որոշակի բնագավառներում փոխանցում է իր ինքնիշխանության մի մասը: Սակայն երկիրն է ընտրում այդ ճանապարհը: ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը իր ինքնիշխան իրավունքն է: Հույս ունենք, սպասում ենք, և Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով մեզ ասել են, ու մենք հավատում ենք նրանց, որ Հայաստանը շարունակելու է հետարքրված լինել․․․ շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ գործընկեր լինելու իր հանձնառությանը, որը անհամատեղելի չի լինի այս նոր տնտեսական միության շրջանակում իր ստանձնած պարտավորություններին»:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ դեսպանն ասաց․ - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող լուծում պարտադրել: Այս հակամարտությունում նրանք միջնորդներ են: Մեր նպատակն է աջակցել կողմերին, որպեսզի նրանք քաղաքական կամք ցուցաբերեն և փոխզիջումներ գտնեն հակամարտությունը լուծելու համար»:

Հեֆերնի խոսքով, ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:

«Կարծում եմ, Որոտանի կասկադի վաճառքի պայմանագիրը կստորագրվի, շատ հույս ունենք, որ պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում», - ասաց դեսպանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ պետքարտուղար Ջոն Քերրին կպահի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին տրված խոստումը և կայցելի Հայաստան, ժամկետներ, սակայն, չնշեց:

Ջոն Հեֆերնը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպոռացիան մերժել է Հայաստանի այս տարվա հայտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG