Մատչելիության հղումներ

Հիմնադրամ դարձող բուհերը կուտակայինից հրաժարվելու դիմումներ չեն ընդունում


Հիմնադրամ դարձող բուհերը կուտակայինից հրաժարվելու դիմումներ չեն ընդունում
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Իրավաբանի խոսքով, պատճառն այն է, որ բուհերը դեռ ՊՈԱԿ-ից հիմնադրամի չեն վերածվել։

Պարտադիր սոցիալական վճարներից հրաժարվելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետը սպառվում է 5 օրից, սակայն բուհերը դեռ չեն հասցրել ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալ և իրենց աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դիմուլ գրել սոցիալական վճարներից ազատվելու համար։

Հիշեցնենք, Կրթության և գիտության նախարարությունը նոյեմբերին առաջարկեց 16 պետական բուհերից 4-ը հիմնադրամի վերածել՝ նշելով, որ հիմնադրամ դարձած բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներն արդեն կարող են դիմում գրել՝ պարտադիր սոցիալական վճարից ազատվելու համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվեց դեկտեմբերի 25-ը։

Վերջնաժամկետը մոտենում է, դասախոսներն էլ ահազանգում են՝ ո՛չ մայր բուհում, ո՛չ Ճարտարագիտական համալսարանում ղեկավարությունը դիմումներ չի ընդունում՝ պատճառաբանութամբ, որ կազմակերպությունը վերակազմակերպված է համարվում պետական գրանցման պահից։

ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իրավաբանական տեսանկյունից ո՛չ Երևանի պետական համալսարանը, ո՛չ Բժշկական Համալսարանը և ո՛չ էլ Ճարտարագիտական համալսարանը դեռ վերակազմակերպված չեն:

«Հիմա, ճիշտ է, Կառավարության որոշումը պոլիտեխնիկի մասով ուժի մեջ է մտել, իսկ ԵՊՀ-ի և Բժշկական համալսարանինը ուժի մեջ կմտնի վաղը կամ մյուս օրը, բայց իրավական տեսանկյունից այս կազմապերպությունները դեռ վերակազմակերպված չեն, այսինքն. իրենք հիմնադրամ չեն։ Հետևաբար, որևիցե մեկն իրենցից չի կարող դիմում ներկայացնել, որովհետև իրենք դեռ հանդիսանում են ՊՈԱԿ-ի աշխատող», - ասաց Թավադյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ կընդունի բոլոր դիմումները: Իրավաբան Թավադյանը, հասկանում է, որ այս պահին անիմաստ է դիմում ներկայացնել ռեկտորատին։

«Նայեք, համապատասխան ռեկտորները պետք է փաստաթղթերը ներկայացնեն և ապահովվեն կազմակերպությունների գրանցումը երկու ամսվա ընթացքում։ Ըստ ռեգիստրի մասին օրենքի, վերակազմակերպման մասին որոշումը գրանցվում է ռեգիստրում փաստաթղթերը ներկայացնելուց տասը օրվա ընթացքում, ուրեմն, փաստացի, եթե առավելագույն ժամկետով շարժվենք, ակնհայտորեն չեն հասցնի», - փոխանցեց Թավադյանը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ պոլիտեխնիկի դասախոս Վերոնիկա Խորասանյանն այդուհանդերձ այսօր պատրաստվում է դիմում ներկայացնել բուհի ղեկավարությանը՝ շատ լավ հասկնալով, որ դրանով հարցը չի լուծվի:

«Կներկայացնեմ դիմում, թող գրավոր մերժեն, որ քանի դեռ պոլիտեխնիկը գրանցված չէ պետռեգիստրում, չեն կարող դիմում ընդունել, կամ չեն կարող ներկայացնել հարկային մարմնին։ Բայց թող դիմումս որպես ապացույց լինի՝ հետո չասեն, որ Կառավարության որոշման համաձայն, դուք կարող էիք ներկայացնել դիմում, բայց չեք օգտվել այդ հնարավորությունից», - ասաց դասախոսը։

Խորասանյանը հույս ունի, որ Կառավարությունն այդքան անհետևողական չի լինի իր հրապարակած խոստումներին, հակառակ դեպքում, ըստ նրա, սա կլինի պետական այրերի կազմակերպած հերթական ծուղակը։

«Երբ որ դեկտեմբերի 25-ի դրությամբ երեք բուհերն էլ չեն լինի պաշտոնապես գրանցված որպես հիմնադրամ, դրանից հետո արդեն կարելի է հստակ ասել, որ այս ամենն ուղղակի մեծ փուչիկ էր», - ասաց Խորասանյանը։

Ի դեպ, Պոլիտեխնիկի շենքի մոտ հանդիպեցինք բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին: Վերջինս հրաժարվեց հարցազրույցից տեսախցիկի առջև: Թոքմաջյանը պնդեց, որ սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու մասին դիմումներն ընդունում է: Մեր այն հարցին՝ արդյո՞ք բուհն արդեն հիմնադրամ է, ռեկտորն ասաց, որ դա երկար գործընթաց էև իրավաբանորեն բուհը դեռ հիմնադրամի կարգավիճակը չի ստացել: Անհասկանալի է այս դեպքում, թե ի՞նչ հիմնավորմամբ են դեռևս ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող բուհում սոցիալական վճարներից հրաժարվելու մասին դիմումներ ընդունում: Այս հարցերի պատասխանը հրաժարվեցին տալ նաև Կրթության և գիտության նախարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG