Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում դատավորի հայաստանցի թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց դատավորի թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, իր, Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի և Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Ստրասբուրգում նախատեսված է հունվարի 16-ին: Դրանից հետո Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատվիրակները կընտրեն Հայաստանը ներկայացնող դատավորին։

Ըստ Արա Ղազարյանի, իրենց հարցազրույցի հրավիրելու փաստն արդեն իսկ վկայում է, որ ԵԽԽՎ-ի համապատասխան հանձնաժողովը հաստատել է երեք թեկնածուների ցանկը։

Հիշեցնենք, այդ ցանկի շուրջ մտահոգություններ էր արտահայտել Երևանում թեկնածուների ընտրության գործընթացը դիտարկած «Իրավունքի Եվրոպա միավորումը»՝ հայտարարելով փաստաթղթերի ընդունման ու հարցազրույցի փուլերում «խայտառակ խախտումներ» արձանագրելու մասին։

Կազմակերպությունը համոզված էր, որ ցուցակը ԵԽԽՎ-ում չհաստատելու «լուրջ հիմքեր կան»։ «Իրավունքի Եվրոպան» մասնավորապես հովանավորչության ռիսկեր էր տեսնում նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հետ կապված՝ վկայակոչելով այն փաստը, որ նրա անունը հավակնորդների գրանցամատյանում հայտնվել էր փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից շուրջ կես ժամ անց։

Կազմակերպությունն իր արձանագրած փաստերը զեկույցի տեսքով ուղարկել էր ԵԽԽՎ։

Մինչդեռ Արա Ղազարյանը մատնանշված խախտումները էական չի համարում. - «Կոնկրետ ես իմ նկատմամբ չեմ նկատել անհավասար մոտեցում, կամ տարբերակված մոտեցում: Նույնիսկ եթե տասնհինգ րոպե ուշացել է փաթեթը, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կամ Արմեն Հարությունյանը կարող է հայտվել նպաստավոր իրավիճակում՝ համեմատած մյուսներին: Կարևորը, որ բոլորին հնարավորություն է տրվել մասնակցելու մրցույթին: Փաթեթը տասնհինգ րոպե ուշացումով է ստացվել, թե ոչ, դա առարկայական չէ, դա էական չէ: Չարժի չափից դուրս ֆորմալիզացնել պրոցեսը: Դա Եվրոպական դատարանի չափանիշն է․․․ որ խախտումը պետք է էական լինի, որը կարողանա ազդել պրոցեսի ելքի վրա, որպեսզի մենք համարենք, որ մարդու իրավունքները խախտվել են: Եթե եվրոպացիները հաստատել են, փաստորեն իրենց բավարարում է մրցույթի անցկացման այդ եղանակը: Էական շեղումներ, որով արդարության սկզբունքները խախտված լիներ, ես չեմ տեսնում»:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդ, իրավաբան Մուշեղ Շուշանյանը, մինչդեռ, մտահոգիչ է համարում երեք թեկնածուների ցուցակը Ստրասբուրգում հաստատելու փաստը։ «Ազատության» հետ զրույցում փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նկատմամբ դրսևորվել է նույն վերաբերմունքը, որը սովորաբար եվրակառույցները դրսևորում են համապետական ընտրությունների ժամանակ, երբ, անկախ ահազանգերից, ընտրությունները սովորաբար գնահատվում են «մեկ քայլ առաջ», արձանագրված խախտումներն էլ՝ «ընտրության արդյունքի վրա չազդող»։

Այսինքն, Շուշանյանի կարծիքով, Հայաստանում որևէ ընտրական գործընթացից Եվրոպան մեծ ակնկալիքներ չունի. - «Այն փաստը, որ այդ ցուցակը հաստատվել է՝ չնայած բազմաթիվ խախտումներին, իրոք մտահոգիչ է: Հայաստանի Հանրապետությունը այնքան է իր դերը, նշանակությունը կորցրել, որ ուղղակի ԵԽԽՎ-ի, մյուս եվրակառույցների ներկայացուցիչները շատ հաճախ չեն էլ թաքցնում, որ իրենք ինչ-որ տեղ ըմբռնումով են մոտենում, հասկանում են, որ այն խնդիրները, որ հիմա առկա են, դրանք ինչ-որ տեղ նաև անխուսափելի են․ ուրիշ ձևի մեր մոտ չէր կարող լինել: Վստահ եմ ես, որ եթե այդ խախտումների մի տասը տոկոսը անգամ քիչ թե շատ կայացած ժողովրդավարական, իրավական պետության կողմից կազմակերպված մրցույթի ընթացքում լինեին, անպայման դրան շատ լուրջ արձագանք կհետևեր»:

Փաստաբանը, այնուհանդերձ, չի կարծում, որ երեք թեկնածուների ցուցակը հաստատելը անխուսափելի է դարձնում Վեհաժողովի կողմից նրանցից մեկի ընտրությունը Եվրադատարանի դատավորի պաշտոնում․ - «Պատգամավորները քվեարկելուց առաջ հնարավորություն ունեն այդ ցուցակում ընդգրկված երեք թեկնածուներին հարցեր ուղղել: Շատ հնարավոր է, որ այդ հարցերի հետևանքով այնպիսի բաներ ի հայտ գան, որ ուղղակի որևէ մեկի ընտրությունը տապալվի»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը Ստրասբուրգում մեկնարկում է հունվարի 26-ին։

XS
SM
MD
LG