Մատչելիության հղումներ

Սահմանային իրավիճակը թեև «շատ լարված է», բայց համեմատելի չէ անցած օգոստոսյան դեպքերի հետ


Սահմանային իրավիճակը թեև «շատ լարված է», բայց համեմատելի չէ անցած օգոստոսյան դեպքերի հետ
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «խիստ լարված» է որակում սահմանային իրավիճակը՝ շեշտելով, այդուհանդերձ, որ իրավիճակը «համեմատելի չէ անցած հուլիս-օգոստոսի դեպքերի հետ»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հակառակորդն այս գիշեր ևս խախտել է հրադադարի ռեժիմը՝ հայկական զինված ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 5.000 կրակոց։

«Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև կրակոցներ արձակել նռնականետերից և ականանետերից», - տեղեկացնում է ռազմական գերատեսչությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում «խիստ լարված» է որակում սահմանային իրավիճակը՝ շեշտելով, սակայն, որ անցած օգոստոսին իրավիճակն ավելի լարված էր․ - «Շատ լարված է արդեն երկու օր շարունակ: Այսօր գիշերը մոտ 400 անգամ խախտում են արել: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ, կորուստներ չունենք: Բայց համեմատել չի կարելի հուլիս-օգոստոսի դեպքերի հետ»:

Հայկական կողմի հաշվարկներով, այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում միայն Ադրբեջանը մի քանի տասնյակ հազար դոլարի զինամթերք է օգտագործել՝ է՛լ ավելի սասանելով փխրուն հրադադարը․ - «Կեղծիքի մի շրջապտույտի մեջ է ինքը մտել, կեղծ քարոզչության: Որ այդ շրջապտույտից ինքը դուրս եկավ, կկործանվի: Միայն մեկ օրինակ բերեմ․ միայն այս չորս տարվա ընթացքում իրենց պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա իրենք Աղդամի շրջանը չորս անգամ ազատագրել են»:

Սահմանամերձ Մովսես և Բարեկամավան գյուղերից «Ազատությանը» փոխանցեցին, որ անցած գիշերը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար խաղաղ է եղել։ Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն հայտնեց, որ նախորդ օրվա կրակոցների հետևանքով գյուղից մեկնած մի քանի ընտանիքներն արդեն վերադարձել են․ - «Մի քանի ընտանիք, որ փոքր երեխաներ ունեն, հանել էին ժամանակավոր, բայց հիմա հետ են եկել: Կարող եմ ասել, որ գյուղն իր բնականոն կյանքով նորից ապրում է»:

Փորձագետները պատահական չեն համարում այն, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին Հայաստանի հայտարարություններից հետո։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասում է, որ նման վարքագծով Ադրբեջանը «ստուգողական գործողություններ» է կիրառում՝ փորձելով պարզել, թե իր համար ինչ կարժենա ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի ու Ռուսաստանի նախաձեռնած այդ միությանը չանդամակցող Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները։

«Հայաստանի իշխանությունների փաստարկները, թե Եվրասիական տնտեսական միությունը անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կտա Հայաստանի, այդ թվում և Ղարաբաղի անվտանգության պահպանման հարցում, սին էին ու դատարկ», - ասում է փորձագետը և շարունակում․ - «Ադրբեջանն իր գործողություններում հիմնվում է միանգամայն այլ հաշվարկների վրա: Նա հետևյալ կերպ է մտածում․ ինձ հաջողվեց այնքան ուժեղ գտնվել, որ թույլ չտրվեց Լեռնային Ղարաբաղի փաստացի միացումը Եվրասիական տնտեսական միությանը»:

Փորձագետը նաև փաստում է, որ նոր միության կազմում Հայաստանի դաշնակիցներ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը դեռ որևէ կերպ չեն արձագանքել սահմանային վերջին միջադեպերին, որոնց ընթացքում հայկական կողմը երկու զինվոր է կորցրել․ - «Կան բազմաթիվ հաշվարկներ, որոնք Ալիևին շարունակում են դրդել առաջին հերթին՝ հետախուզել իրավիճակը տարածաշրջանում, երկրորդ հերթին՝ նաև գնալ որոշակի արկածախնդրության: Ցավոք, այս հետախուզության փուլը, երբ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե որքանով դաշնակիցները կանգնած են Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի կողքին: Պատշաճ գնահատականների կամ հակադարձության չարժանանալու դեպքում կարող է բերել շատ ավելի մեծ լարվածության, քան մենք ունենք հունվարի սկզբից»:

Մյուս կողմից, Ստյոպա Սաֆարայնը համոզված է, որ եթե միջազգային հանրությունը օգոստոսյան լարվածությունից հետո պատժիչ գործողություններ ձեռնարկեր, Ադրբեջանն այսքան հեռու չէր գնա։

Սահմանային վերջին միջադեպերին օրեր առաջ անդրադարձել էր պաշտոնական Վաշինգտոնը․ Պետդեպարտամենտը հայտարարությամբ կոչ էր արել կողմերին շարունակել բանակցություններն ու զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից:

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել՝ շփման գծի միջադեպերը բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի տարածքից:

XS
SM
MD
LG