Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Հնդկաստանը ցանկանում են զարգացնել առևտրային կապերը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս ամսվա վերջին կայցելի Հնդկաստան: Մինչ այդ, երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ջոն Քերրին մեկնում է Նյու Դելի` նախապես քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերություններին զարկ տալու հնարավորությունները:

Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի խոսքերով, Հնդկաստանի մայրաքաղաքում Քերրին կենտրոնանալու է տնտեսական ու ռազմավարական համագործակցության վրա, ինչպես նաև քննարկելու է էներգետիկ բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախընտրական իր արշավը կենտրոնացրել էր տնտեսությունը վերականգնելու կարևորության վրա: Եվ ինչպես Ուդրոու Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Մայքըլ Քուգելմանն է ասում, Հնդկաստանի ժողովուրդն այսօր ցանկանում է տեսնել, թե որքան արագ է նա կարողանում կատարել տրված խոստումները:
Քուգելմանի խոսքերով, վարչապետն այժմ պիտի փորձի վստահեցնել ԱՄՆ-ին, որ իր երկիրն արդեն հաղթահարել է այն խնդիրները, որոնք ժամանակին խոչընդոտներ էին հարուցում առևտրի զարգացման բնագավառում:

Նախկին խոչընդոտների թվում էին բյուրոկրատական դժվարությունները, ինչպես նաև արտոնագրային պաշտպանության խնդիրները: Չնայած նախկին այս խոչընդոտներին, ասում է Հարավասիական հարցերով կենտրոնի փոխտնօրեն Բհարաթ Գոփալասվամին, ԱՄՆ-Հնդկաստան առևտրային հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություններ կան այսօր:

Նրա խոսքերով, ամենամեծ հատվածը բաժին է հասնելու պաշտպանության բնագավառին, սակայն կարևոր նշանակություն պիտի ունենան նաև կրթության բնագավառում ներդրումները:

Սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ի ու Հնդկաստանի միջև առևտրային հարաբերությունները դեռևս այսպես ասած «հայտնագործությունների» փուլում են, երբ ամեն մի «հայտնագործություն» կարող է նշանակալի դեր խաղալ այդ հարաբերությունների զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG