Մատչելիության հղումներ

Վարորդները շարունակելու են պայքարել կարմիր գծանշումների դեմ


«Փարքինգ Սիթի Սերվիսի» ղեկավարը նշում է, որ այսօր էլ պատրաստ է վաճառել ընկերությունը, ինչպես հայտարարել էր անցյալ տարի:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը 2015 թվականին ևս շարունակելու է պայքարել կարմիր գծանշումների դեմ, «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։ Նա շարունակում է պնդել, որ կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղիների համար գումարների գանձումն ապօրինի է։

«Եթե ժողովուրդը ուզում է հետևել մեր օրինակին, կարող է հետևել, եթե ուզում է ինքնական վճարել, կարող է վճարել, բայց մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին չենթարկվել այս շանտաժին, չվճարել այդ տարեկան կամ ամսական գումարները, բոյկոտել այդ վճարումները, հանգիստ կանգնել այդ կարմիր գծերում, տուգանքների պարագայում, եթե կստանան, դիմել մեզ, մենք դիմում ենք վարչական դատարան․․․», - ասաց Հակոբյանը:

Մինչ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պատրաստվում է շարունակել պայքարը, «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության ղեկավար Վազգեն Հարությունյանն ասում է, որ այս տարվա ընթացքում մայրաքաղաքում ավելացվելու է կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղիների թիվը։

«Արդեն 2015 թվականին նոր ներդրումային ծրագրի շրջանակներում կտեսնեք Երևանի փողոցներում վճարահաշվարկային տերմինալներ վճարովի ավտոկայանատեղիների հարակից տարածքներում, որտեղ վարորդները կարող են հեշտությամբ կատարել վճարումներ», - ասաց Հարությունյանը:

«Փարքինգ Սիթի Սերվիսի» ղեկավարի խոսքով՝ այսօր էլ ոչ բոլոր վարորդներն են վճարում կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիներում ավտոմեքենան կայանելու համար։

«Շահույթ չենք ունեցել, քանի որ ընթացիկ սպասարկման ծախսերը և հավաքագրված գումարները Երևանի քաղաքապետարանի բյուջե, այդտեղից էլ, հետևաբար, ընկերության հասույթը շատ փոքր գումարներ են կազմել` կատարած ներդրումների և կատարած ծախսերի ետգնման համար, ինչպես նաև սպասարկման ընթացքում՝ ընդհանուր պրոցեսը, սպասարկման համար կատարված ծախսերը, դեռ ընկերությունը շահույթ չի հետապնդել՝ հաշվապահորեն», - նշեց «Փարքինգ Սիթի Սերվիսի» ղեկավարը:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նա վստահեցրեց, որ այսօր կրկին պատրաստ է վաճառել ընկերությունը, ինչպես հայտարարել էր անցյալ տարի․ - «Այո, իհարկե, հայտարարությունը ուժի մեջ է: Ցանկացած շահագրգռված անձ կարող են գալ՝ բանակցենք, համապատասխան ուսումնասիրություններն էլ իրականացնենք: Դռները բաց են, բոլորը ազատ են, կարող են մասնակցել»:

«Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ ձեր տեսախցիկները ֆիքսում են վթարներ՝ դրանով օգնեք վարորդներին», - այս հարցին էլ Վազգեն Հարությունյանը արձագանքեց․ - «Իհարկե, մենք յուրաքանչյուր օր, քաղաքապետարան բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում՝ համապատասխան պատահարների, դեպքերի մասին, և տվյալ ավտոկայանատեղիի տուրքի վճարում ունենալու դեպքում այդ տեսանյութը անվճար տրամադրվում է իրեն: Հակառակ դեպում չի տրամադրվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG