Մատչելիության հղումներ

Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել դաժան սպանության վերաբերյալ


Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին
please wait

No media source currently available

0:00 0:14:13 0:00

Գիշերը հայտնի դարձավ, որ հիմնական կասկածյալը ձերբակալվել է հայ - թուրքական սահմանի մոտ։

Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է փոխանցել քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ սպանության վերաբերյալ։

Գյումրիում այսօր սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները։

Այս սահմռկեցուցիչ ողբերգության մեջ կասկածվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով գիշերը ժամը 4-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ավտոմատով լքել է զորամասը, ըստ նախնական վարկածի, մուտք գործել Ավետիսյանների տուն: Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը, ինչպես նաև ԱԿ-74 ինքնաձիգը, 5․45 միլիմետր տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։

Հետախուզվող Վալերի Պերմյակովի լուսանկարը, որը հրապարակված է ВКонтакте սոցցանցում
Հետախուզվող Վալերի Պերմյակովի լուսանկարը, որը հրապարակված է ВКонтакте սոցցանցում

Սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը Գյումրի էր տեղափոխվել մեկ ամիս առաջ։ Այժմ Գյումրիում և Երևանում հատուկ գործողություններ են իրականացվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Գյումրի են ժամանել ոստիկանական հատուկ ջոկատայիններ, ստեղծվել է օպերատիվ խումբ, որը ղեկավարում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Երեկոյան փոխոստիկանապետը դեպքի մասին մանրամասներ ներկայացրեց.- «Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է տանտիրոջ՝ Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, նրա տիկնոջ՝ Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, որդու՝ Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, դստեր՝ Աիդա Սերյոժայի Ավետիսյանի, հարսի՝ Արաքսյա Անդրանիկի Պողոսյանի և թոռան Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով։ Մյուս թոռանը՝ Սերյոժային տեղափոխել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց, վիճակը շատ ծանր է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասաց Պողոսյանը։

«Ակտիվ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ ենք կատարում հանցագործության մեջ կասկածվող քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նշեմ, որ խուճապի մատնվել պետք չէ։ Իհարկե, արտառոց դեպք է և շատ ցավալի, սակայն կոչ եմ անում խուճապի չմատնվել, որովհետև ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը։ Կարծում եմ, որ զգեստափոխվել է և դիմել փախուստի արդեն զգեստափոխված վիճակում։ Դեպքի վայրից հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, մեկ ինքնաձիգ, ինքնաձիգի վրա սվին-դանակ և մեկ փամփշտակալ՝ լիցքավորված շուրջ 30 փամփուշտներով և ևս մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել էր մեկ փամփուշտ։ Դեռևս լուրջ ծավալի աշխատանք կա դեպքի վայրում։ Երևանից ժամանել են փորձագետներ, այս պահին էլ դեպքի վայրի զննություն է ընթանում»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը։

Ավետիսյանների հարևանները կրակոցներ չեն լսել, սպանվածներին հայտնաբերել է տան տիկնոջ՝ Հասմիկի քույրը: Ողբերգության դրդապատճառների մասին առայժմ որևէ բան չի հաղորդվում, հարևանները նշում են, որ Ավետիսյանները խաղաղ ընտանիք էին և երբևէ որևէ միջադեպով աչքի չեն ընկել:

Գյումրիում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Վալերի Պերմյակովին տեսել են քաղաքի տարբեր թաղամասերում։ Բացի հայ իրավապահներից, Գյումրիում շրջում են նաև ռուս զինծառայողներ, ովքեր փնտրում են փախուստի դիմած իրենց ծառայակցին։

Այս ողբերգական միջադեպի շուրջ հրատապ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։

«Սերգեյ Լավրովը խնդրել է ցավակցություններ փոխանցել ոճրագործության զոհերի հարազատներին և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Պերմյակովը հայտնաբերվեց

Լույս երեքշաբթի գիշերը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնեց, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին:

Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:

Ասլանյանն ասաց, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, արյունալի դեպքերի գործով հիմնական կասկածյալին գտել են հայ - թուրքական սահմանի մոտ՝ Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում։

Դատախազը տեղեկացրեց, որ Վալերի Պերմյակովը հիմա ռուսական կողմի մոտ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG