Մատչելիության հղումներ

Մասնագետներն անհրաժեշտ են համարում Հերալդիկ խորհրդի ստեղծումը Հայաստանում


Ազգային արժենքների պահպանման «Մենք» հիմնադրամը 5 տարի ի վեր ձեռնամուխ է եղել ճշգրտելու, հստակեցնելու, կարգավորելու հայկական պետական խորհրդանիշերում առկա բացթողումները, որոնք տեղ են գտել անգամ որոշ պետական հաստատությունների կայքէջերում:

Հիմնադրամի հետ համագործակցում են նկարիչներ Կարեն Աղամյանն ու Հարություն Սամուելյանը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեջբերեց Կոնֆուցիոսի խոսքերը, որ աշխարհը կառավարում են ոչ թե խոսքն ու օրենքները, այլ խորհրդանշանները, իսկ Հայաստանի պարագայում, մասնավորապես, զինանշանի դեպքում շատ բան է աղավաղվել 1991-ից ի վեր:

Նա նշեց, որ նման կոմիկական առիթ չպետք է լինի մեր զինանշանի հայկական չորս թագավորական տոհմերը պատկերող հատվածի վրա:

«Առհասարակ գերբալոգիայի հիմքերը մեր երկրում բացակայում են: Կարծում եմ, որ այդ խորհուրդը, որ պետք է որ ստեղծվի մեր իշխանական կառույցներում, պետք է զբաղվի ոչ միայն գերբերով, այլև բոլոր այն նշաններով, որոնք պետական նշանակություն ունեն», - նշեց Աղամյանը:

Պավել Սարգսյանն առավել հստակ ձևակերպեց խնդիրը․ - «Մենք առաջարկել ենք դեռևս 2010 թվականից, որպեսզի ստեղծվի պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ, այսինքն գերալդիկ խորհուրդ: Գերալդիկ խորհուրդներ գործում են հիմնականում զարգացած երկրներում և հիմնականում` նախագահների աշխատակազմերին կից»:

Այսօրվա ասուլիսի բանախոսները այս տարիների ընթացքում բազմիցս փորձել են տեղ հասցնել իրենց մտահոգությունները, արդյունքի, սակայն, չեն հասել: «Մենք դիմել ենք տարբեր ատյանների՝ Կառավարություն, Ազգային ժողով, Նախագահի աշխատակազմ․․․ Պարոն Աղամյանը շատ քննարկումներ է ունեցել, վերջերս՝ նաև վարչապետի հետ: Բայց սայլը տեղից չի շարժվում», - փոխանցեց Սարգսյանը:

«Դրանով պետք է զբաղվի պետությունը: Պետությունը ունենում է հերալդիկ խորհուրդ․․․ մեր պետություն դեռ չունի», - ասաց Հարություն Սամուելյանը՝ հավելելով, որ տարբեր ճանապարհներով, անձնական կապերի միջոցով մի քանի անգամ փորձել են հասցնել պետության ղեկավար այրերին:

Ասուլիսի բանախոսները, այդուհանդերձ, լիահույս են, որ պետական ատյաններն ի վերջո ականջալուր կլիներ, ու կսկսվի մասնագիտական խորհրդի ձևավորման ուղղությամբ աշխատանքը:

«Ինձ համար շատ վիրավորական է, որ մեր զինանշանի վրա հայտնվում է ինչ-որ ծաղրանկար․․․ մի դեպքում՝ առյուծի, մի դեպքում՝ արծիվի․․․ Եվ դա կիրառվում է: Ինձ համար, որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ մարդ, խիստ վիրավորական է, և ես ուզում ես սա շտկվի», - հայտարարեց Կարեն Աղամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG