Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան. Համատեղ շտաբի ստեղծումը չի բավարարում մեր պահանջը


Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան, արխիվ
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյան, արխիվ

Նրա խոսքով, իրենց պահանջն ավելի քան ըմբռնելի է եղել՝ գործը պետք է փոխանցվի հայաստանյան արդարադատությանը։

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները Գյումրիում 7 մարդու սպանության գործով քննության համատեղ շտաբ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին արդեն լսել են այդ սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ պահանջ ներկայացրած ակտիվիստները։ Հարյուրավոր այլ մարդկանց հետ փողոց դուրս եկած Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով, այս նորությունը որևէ կերպ չի բավարարում իրենց պահանջը:

«Մեր պահանջը եղել է շատ հասարակ, ավելի քան ըմբռնելի է եղել՝ գործը պետք է փոխանցվի հայաստանյան արդարադատությանը։ Դա նշանակում է՝ բոլոր փաստաթղթերը, մեղադրյալը, քննություն, նախաքննություն, զննություն, փորձաքննություն՝ ամբողջի տեր-տիրականը, հրաման տվողը պետք է լինի հայկական կողմը։ Սա չի բացառել ու չի բացառում ռուսական կողմի ակտիվ, ինտենսիվ, նույնիսկ պարտադիր մասնակցությունն այդ գործընթացներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը։

Շտաբն արդեն փաստացի գործում էր ավելի քան մեկ շաբաթ, նկատեց նա՝ նշելով, որ հիմա պարզապես փաստաթղթով վավերացրել են շտաբի գոյությունը։

«Հետախուզական աշխատանքներից սկսած մեր իրավապահները սերտորեն համագործակցում էին ռուսական զինվորական հրամանատարության հետ, այնքան սերտորեն, որ թույլ էին տալիս խախտել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ինքնիշխանությունը։ Ի նկատի ունեմ, որ ռուսական զինվորականները զինված էին, թափառում էին, որոնում էին Գյումրու փողոցներում։ Ընդամենը այդ լուրով իմանում ենք, որ երկու քննչական կոմիտեների ղեկավարները ստեղծում են շտաբ՝ վավերացնում են փաստացի գոյություն ունեցող տասնօրյա աշխատող միացյալ խումբը», - ասաց Լևոն Բարսեղյանը։

Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջ հնչեցնող ու Երևանի Ազատության հրապարակում հավաքներին մասնակցած ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը նույնպես ասաց, որ այս քայլով պատասխան չի տրվում հասարակությանը հուզող հարցերին։

«Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ որևէ առաջխաղացում չկա, առաջխաղացում չկա և՛ հանցագործության բացահայտման հարցում, առաջխաղացում չկա նաև Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցում, և, ցավոք, իմ պատկերացմամբ, կանցնեն ամիսներ, անգամ տարիներ, և հայ հասարակությունը այս հանցագործության դրդապատճառների մասին մոտավորապես տեղեկացված կլինի այնքանով, ինչքան այս պահին», - ասաց Կիվիրյանը։

Երեկ նաև «Ինտեֆաքս»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ անանուն աղբյուրը, հայտնել է, որ ամենայն հավանականությամբ այս գործը Հայաստանում կքննի Ռուսաստանի զինվորական դատարանը։

«Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդամենը մոլորեցնելով հասարակությանը, փորձում են ինչ-որ հեքիաթներ պատմել, որ իբր, նա, գիտեք, կդատվի Հայաստանի Հանրապետությունում, բայց չի ասում, որ նա ոչ թե կդատվի Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից, այլ նա կդատվի Գյումրու բազայում ստեղծված տրիբունալի կողմից», - ընդգծեց Կիվիրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG