Մատչելիության հղումներ

ՌԴ արտգործնախարարն «անթույլատրելի է համարում Գյումրիի ողբերգության քաղաքականացումը»


ՌԴ արտգործնախարարն «անթույլատրելի է համարում Գյումրիի ողբերգության քաղաքականացումը»
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն «անթույլատրելի է համարում Գյումրիի ողբերգության քաղաքականացումը»:

Մոսկվայում համոզված են, որ «հայ ժողովուրդը նման պրովոկացիաների չի տրվի», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լավրովը իր տարեկան մամուլի ասուլիսի ընթացքում:

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև հավելել է. - «Այդ փորձերը, որոնք մենք տեսնում ենք, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունից չեն գալիս: Այս ողբերգությունը ինչ-որ աշխարհաքաղաքական առավելություն ստանալու համար օգտագործել ցանկացողները քիչ չեն»:

«Սա զզվելի է, անթույլատրելի: Արժանի չէ հպարտ հայ ժողովրդին»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, թե գիտի, որ հայ ժողովուրդը այդ կարգի պրովոկացիաների երբեք չի տրվի: Ուստի հայ - ռուսական դաշնակցային և ռազմավարական գործընկերությունը չի տուժի այդ փորձերից, համոզմունք է հայտնել Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ցավակցություն է հայտնել Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ.- «Մենք սգում ենք Հայաստանի հետ միասին և կանենք ամեն ինչ, որ այդ հանցագործությունն անպատիժ չմնա: Որպեսզի մեղավորը կրի ամենածանր պատիժը: Նաև ամեն ինչ կանենք, որ ապագայում նման բան չկրկնվի»։

Թեման շարունակելով՝ Լավրովը նշել է, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանի տարածքում, այն կլինի «համատեղ ու հնարավորինս հրապարակային»։

«Համոզված եմ, որ դատարանն արագ կկայացնի անաչառ և համահունչ վճիռ՝ այս սարսափելի հանցագործությանը համահունչ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովից ադրբեջանցի լրագրողը հետաքրքվել է Ղարաբաղում լրտեսության մեղադրանքով ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի ճակատագրով։

«Ասկերովը Ռուսաստանի քաղաքացի է, ինչո՞վ եք առաջնորդվում, երբ որևէ հայտարարություն չեք անում ձեր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ», - մասնավորապես հարցրել է լրագրողը։

«Նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով մենք հարցը կքննարկենք հայկական կողմի հետ», - պատասխանել է Լավրովը՝ առանց մանրամասնելու, թե քննարկումները հատկապես ի՞նչ նպատակ են ունենալու։

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է. - «Քիչ չեն աշխարհի տարբեր երկրներում ձերբակալված մեր քաղաքացիները, նրանց ճակատագրով անընդհատ ենք հետաքրքրվում»։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը ընդգծել է, որ համապատասխան որոշումները կայացվում են երկկողմանի՝ Ռուսաստանի և տվյալ երկրի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում՝ ձերբակալման պատճառները, առաջադրված մեղադրանքի ծանրությունը, պահպանման պայմանները հաշվի առնելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG