Մատչելիության հղումներ

Դիվերսիայի հերթական փորձը. Հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի


Դիվերսիայի հերթական փորձը. Հայկական կողմը մեկ զոհ և մեկ վիրավոր ունի
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Այս գիշեր շփման գծում կրկին հայ զինծառայող է զոհվել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից հայտնում են ադրբեջանական կողմից իրականացված հերթական դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անցած գիշեր ժամը 3-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության ընթացքում մարտ է ծավալվել, որի ժամանակ զոհվել է 32-ամյա Նահապետ Ասատրյանը։ 1973 թվականին ծնված Հովհաննես Գասպարյանը վիրավորում է ստացել։ Հաղորդվում է, որ հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հունվար ամսվա սկզբից հայկական կողմն արդեն ութ զոհ է ունեցել՝ յոթ զինծառայող և 80-ամյա մի հովիվ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց նախարարության յոթ կետից բաղկացած հրամանը, որով հրամանատարներն որոշ դեպքերում նախահարձակ լինելու ազատություն տվեց։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշում է, որ հակառակորդը խուճապ առաջացնելու համար դիմում է ծայրահեղ քայլերի։

«Հակառակորդը իր խախտումներով փորձում է ահաբեկել ժողովրդին։ Նման քայլերի է դիմում, որպեսզի ժողովուրդը վախենա։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենա, հակառակորդի բոլոր փորձերը լինելու են ապարդյուն։ Ալիևյան կլանը որդեգրել է շատ յուրահատուկ ագրեսիվ քաղաքականություն, և փաստորեն զինադադարի ռեժիմը խախտվում է Արցախի և Հայաստանի սահմանների երկայնքով, բայց նույնանման խախտումներ, չարաշահումներ, իհարկե, քաղաքական, տնտեսական դաշտում իրականացնում է նաև իր սեփական ժողովրդի հանդեպ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը։

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ նախորդ գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց։ Նախորդ օրվա համեմատ 1000-ից ավելի կրակոց է գրանցվել։ Ադրբեջանական կողմն կրակել է նռնականետերից և հրադադարի ռեժիմը խախտել շուրջ 300 անգամ։

Վիճակը համեմատաբար խաղաղ է եղել Հայաստան-Ադրբեջան սահամանագծին։ «Ազատություն» ռադիոկայանին այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը.- «ՀՀ սահմաններին եղել են կրակոցներ, սակայն քիչ, համեմատաբար հանգիստ է»։

Պաշտոնական Բաքուն զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդում։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ադրբեջանը լիովին կասեցրել է սեփական զինված ուժերին վերաբերող ցանկացած բացասական հրապարակում՝ սահմանափակելով տեղեկատվության տարածումը։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը վերջին շրջանում Ադրբեջանի վարած քաղաքականությունը կապում է հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ։

«Թուրքիայի հետ համատեղ ծրագիր է մշակվել, որպեսզի մեզ լարվածության մեջ պահեն։ Դա վերաբերում է նաև նրանց ռազմական ուժերին։ Սահմանին նրանք ունեն մասնագետներ, որոնք պատրաստվել են Կիպրոսում, Թուրքիայում, հատուկ ջոկատներ, որոնք պահում են այս լարվածությունը, և որպես հետևանք՝ սահմանին մենք արդեն այսքան զոհ ունենք»,- ասաց Տեր-Թադևոսանը։

Գեներալ-մայորը կարծում է, որ Ադրբեջանի հասարակությունը ռազմական գործողությունների կողմնակից չէ. ըստ նրա՝ սահմանին այս վիճակը դեռ երկար կպահպանվի, բայց պատերազմ չի սկսվի, քանի որ նախ միջազգային հանրությունը դա թույլ չի տա, բացի այդ էլ Ադրբեջանը կխուսափի՝ հաշվի առնելով նավթարդյունաբերության իր ծավալները և այն կորուստները, որ կարող է կրել։

«Ասել, որ 100 տոկոսով պատերազմ չի լինի, չենք կարող, բայց հավանականությունը փոքր է՝ 5-10 տոկոս»,- եզրափակում է Կոմանդոսը։

XS
SM
MD
LG