Մատչելիության հղումներ

Մերկել․ «Եվրոպական խաղաղ կեցության սկզբունքները խախտվել են»


Շվեյցարիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Դավոսի համաժողովում, 22-ը հունվարի, 2015թ․
Շվեյցարիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Դավոսի համաժողովում, 22-ը հունվարի, 2015թ․

Ղրիմի բռնակցումը խախտում էր այն ամենը, ինչը թույլ էր տալիս խաղաղ ապրել Երկրորդ աշխարհամարտից հետո, հայտարարում է Գերմանիայի կանցլերը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Ռուսաստանի անցյալ տարվա գործողությունները և այս տարվա սկզբին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը խախտել են եվրոպական խաղաղ կեցության հիմնարար սկզբունքները:

«Մենք բախվել ենք խնդիրների, որոնց չէինք սպասում: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը ոչ ոք չէր սպասում: Խոսելով իմ կառավարության անունից՝ ուզում եմ պարզաբանել, որ մենք մի կարևոր բան ենք կարծում՝ այստեղ խախտվել են եվրոպական կեցության հիմնական սկզբունքները», - հայտարարել է Մերկելը՝ ելույթ ունենալով Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող համաժողովում:

Նա նշել է, որ Ղրիմի բռնակցումը խախտում էր այն ամենը, ինչը թույլ էր տալիս խաղաղ ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Ղրիմի բռնակցումը ինչ-որ սովորական բռնակցում չէ՝ դա սահմանների, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի խախտում է», - ընդգծել է Մերկելը:

Ուկրաինայում տեղի ունեցածը հատուկ նշանակություն ունի, շեշտել է Գերմանիայի կանցլերը և պարզաբանել․ - «Ուկրաինան, հրաժարվելով միջուկային վառելիքի պահեստարանից, փոխարենը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքներ է ձեռք բերել, որոնք ամրագրվել են 1994 թվականին Բուդապեշտյան հուշագրում: Որպես երաշխավոր հանդես եկան Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, և Ռուսաստանի կողմից այդ համաձայնագրի խախտումից հետո ո՞ր երկիրը պատրաստ կլինի հրաժարվել միջուկային զենքից: Ուկրաինայում տեղի ունեցածից հետո այդ երկիրը կհամարի, որ միջուկային զենքից հրաժարվելը կթուլացնի իրեն»:

Մերկելը նաև հայտարարել է, որ եվրոպացիների համար ակնհայտ է՝ նման խնդիրը չպետք է լուծվի ռազմական ճանապահով: «Այդ պատճառով էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անխուսափելի էին: Դրանք չեղյալ կհայտարարվեն միայն մի դեպքում՝ եթե դրանց պատճառները լուծվեն: Ցավոք սրտի՝ մենք դեռ չենք հասել դրան», - նշել է նա:

Դավոսում ընթացող 45-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցում են 2 հազարից ավել գործարարներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, երկրների առաջնորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG