Մատչելիության հղումներ

Հունաստանում «Սիրիզա»-ի հաղթանակը անհանգստություն է առաջացրել ֆինանսական շուկաներում


Հունաստան - «Սիրիզա»-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունենում կուսակցության աջակիցների առջև, Աթենք, 25-ը հունվարի, 2015թ․
Հունաստան - «Սիրիզա»-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը ելույթ է ունենում կուսակցության աջակիցների առջև, Աթենք, 25-ը հունվարի, 2015թ․

Հունաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձախ արմատական «Սիրիզա» կուսակցության հաղթանակը անհանգստություն է առաջացրել ֆինանսական շուկաներում:

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ անցած 11 տարիների ընթացքում արձանագրել է ամենացածր ցուցանիշը՝ հասնելով 1.11-ի:

«Սիրիզա»-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը խոստանում է վերջ դնել նախորդ կառավարության՝ պետական ծախսերի կոշտ խնայողության ծրագիրը։

«Հունաստանը թերթում է էջը՝ հետևում թողնելով աղետալի կրճատումները, վախն ու ավտոկրատիան»,- ընտրություններից հետո հայտարարել է Ցիպրասը։

Ցնծացող աջակիցների առջև ունեցած իր ելույթում Ցիպրասը նախորդ 5 տարիներն անվանել է «նվաստացման ու ցավի» ժամանակաշրջան և երդվել անմիջապես նախաձեռնել Հունաստանի վարկատուների հետ համաձայնությունների վերանայման բանակցություններ:

«Մեր հաղթանակը նաև Եվրոպայի ողջ ժողովրդի հաղթանակն է, որը կռիվ է տալիս մեր ընդհանուր եվրոպական ապագան խարխլող խիստ միջոցների դեմ»,- ասել է նա։

Ցիպրասի խոսքով՝ այժմ Հունաստանն ու Եվրոպան նոր պայմաններում նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն են ստացել՝ հիմնված հարգանքի, վստահության և պատասխանատվության վրա:

Վերջին տվյալներով, «Սիրիզա» կուսակցությունը նոր խորհրդարանում կստանա 149 տեղ: Բացարձակ մեծամասնություն ապահովելու համար կուսակցությանը չբավականացրեց ընդամենը երկու մանդատ: Ցիպրասը կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում, սակայն, համաձայնության հասավ մեկ այլ ձախ կուսակցության՝ «Անկախ հույների» հետ: Այս միությունը խորհրդարանական մեծամասնություն ունենալու հնարավորություն կտա:

Արդեն կայացել է Ալեքսիս Ցիպրասի երդմնակալությունը վարչապետի պաշտնում։ Սպասվում է, որ կառավարության կազմը Հունաստանի նոր վարչապետը կներկայացնի վաղը՝ հունվարի 27-ին:

2010 թվականին Հունաստանը ստացավ 240 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ այսպես կոչված «վարկատուների եռյակից»՝ Եվրամիությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրոպական կենտրոնական բանկից: Հունաստանի տնտեսությունը զգալիորեն կրճատվեց 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, իսկ աջ կենտրոնամետ կառավարության կողմից իրականացված պետական ծախսերի կրճատման և հարկերի ավելացման քաղաքականությունը բերեց գործազրկության կտրուկ աճի ու շատ հույների կենսամակարդակի անկման:

Ինչպես նշում են շատ վերլուծաբանները, «Սիրիզա»-ի հաղթանակը անհետևանք չի մնա Եվրոպայում: Փաստացի, հույն ընտրողներից շատերը մերժեցին եվրագոտում ճգաժամի դիմակայման՝ Բեռլինում և Բյուսելում մշակած ֆինանսական մարտավարությունը:
Հունաստանում ընտրությունների արդյունքներն են դառնալու երկուշաբթի նախատեսված եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը:

Ֆինանսական շուկաները չափազանց լարված սպասում են այսպես կոչված «սուվերեն դեֆոլտի» մասին Հունաստանի հայտարարությանը, թեև «Սիրիզա»-ն նախընտրական քարոզարշավի ընթացքում բավական փափկեցրել էր վերաբերմունքը և հայտարարում էր, թե չի պատրաստվում հրաժարվել եվրոյից: Շատ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ նոր ղեկավարության վարած քաղաքականությունը կստիպի Հունաստանին հրաժարվել եվրոյից:

Հունաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնության ներկայիս փուլն ավարտվում է փետրվարին, և տնտեսագետները հնարավոր են համարում կարճաժամկետ գործարքի կնքումը, սակայն ամբողջ ծրագրի վերանայման համար, ըստ նրանց, կպահանջվեն երկարատև ու բարդ բանակցություններ:

Գերմանիան արդեն հասկացնել է տվել, որ հրաժարվում է վերանայել Հունաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնության նախկինում համաձայնեցված պայմանները, ինչը ավելացնում է եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունները:
Փորձագետները չեն բացառում՝«Սիրիզա»-ի՝ իշխանության գալը կարող է սրել Հունաստանի հարաբերությունները միջազգային դոնորների հետ։

Եվրագոտու ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հունաստանի նոր կառավարության հետ.- «Պետք է հուսալ, որ համագործակցության շուրջ կսկսենք նրանց հետ բանակցություններ: Մենք հույս ունենք նրանց հետ աշխատել։ Նվազագույնը որ կարող եմ ասել, մենք բաց ենք քննարկումների համար»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:

XS
SM
MD
LG