Մատչելիության հղումներ

Standard and Poor's-ը նվազեցրեց Ռուսաստանի տնտեսական վարկանիշը


Standard and Poor's-ը նվազեցրեց Ռուսաստանի տնտեսական վարկանիշը
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

BB+ մակարդակը ֆինանսական շուկայի մասնագետների շրջանում ընդունված ժարգոնով կոչում են «աղբանոցային վարկանիշ»:

Աշխարհի երեք խոշորագույն ֆինանսական վարկանիշային գործակալություններից մեկի` Standard and Poor’s-ի որոշումը դարձավ ռուսաստանյան ֆինանսական շուկայում վերջին ժամերին նկատվող նոր ցնցումների գլխավոր պատճառը:

Երեկ ուշ երեկոյան Նյու Յորքում գործող հեղինակավոր այս կառույցը նվազեցրեց Ռուսաստանի վարկային ռեյտինգը` այն հասցնելով BB+ մակարդակի, ինչը ֆինանսական շուկայի մասնագետների շրջանում ընդունված ժարգոնով կոչում են «աղբանոցային վարկանիշ»:

Վերջին անգամ Ռուսաստանը նման ցածր գնահատականի արժանացել էր 10 տարի առաջ` 2005 թվականին: Այն ժամանակ որպես Ռուսաստանի տնտեսության վրա ազդող բացասական գործոններ նշվում էին անկախ դատական համակարգի բացակայությունն ու իշխանությունների միջամտությունը տնտեսական միջավայրին: Այսօր, սակայն, ի տարբերություն տասնամյա վաղեմության իրադարձությունների, ներդրումային հեռանկարների և տնտեսական աճի նման հոռետեսական կանխատեսումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Ռուսաստանի տնտեսության համար:

Նավթի գնի կտրուկ նվազման և արևմտյան պատժամիջոցների ֆոնին Standard and Poor’s-ի երեկվա որոշումն է՛լ ավելի թուլացրեց ռուսական ռուբլու դիրքերը: Երեկ ուշ երեկոյան Մոսկվայի ֆոնդային բորսայում ռուբլու փոխարժեքը 20 րոպեում նվազեց շուրջ 3 տոկոսով, հասնելով դեկտեմբերյան ամենավատ օրերի ցուցանիշներին` 68 ռուբլի 43 կոպեկ: Այսօր առավոտյան, Forex-ի ցուցանիշներով, ռուբլին որոշակիորեն ամրապնդեց դիրքերը` այնուհանդերձ այդպես էլ չվերադառնալով երեկվա մակարդակին:

"Коммерсантъ"-ի տեղեկություններով, Ռուսաստանի իշխանությունները Standard and Poor’s-ի` երկրի վարկանիշը նվազեցնելու որոշման մասին տեղյակ էին դեռ դեկտեմբերից և վերջին մի քանի շաբաթներին փորձում էին բանակցությունների միջոցով մեղմել գործակալության փորձագետների կողմից տրված գնահատականների գոնե մի մասը:

Դա, սակայն, Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին ակնհայտորեն չհաջողվեց, ինչի պատճառով էլ երկրի վարկային ռեյտինգի նվազեցման մասին որոշման հրապարակումից մոտ մեկ ժամ առաջ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապ կարգով խորհրդակցության հրավիրեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներին:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ստեղծված պայմաններում հակաճգնաժամային համապարփակ ծրագրի շուտափույթ մշակումը իշխանությունների առաջնահերթությունն է:

«Տեղյակ եմ, որ կառավարությունը վերջին օրերին ակտիվորեն աշխատում էր հակաճգնաժամային ծրագրի ամբողջացման ուղղությամբ: Եվ քանի որ այդ նախագիծը հակաճգնաժամային է կոչվում, նշանակում է՝ դրա հիմնական նպատակը պետք է դառնա սոցիալական կայունության ապահովումը: Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է կարողանանք ապահովել տնտեսության տանելի ցուցանիշներ, ինչը կվերաբերի սղաճին, բյուջետային պակասորդի, արտաքին պարտքի մակարդակի, միջազգային պահուստների ոլորտներին: Սա այն ամենն է, ինչ կոչվում է մակրոտնտեսական կայունություն, այն ամենը, ինչով մենք տարիներ շարունակ հիրավի հպարտանում էինք», - հայտարարում էր Պուտինը:

Standard and Poor’s-ի մասնագետների գնահատմամբ, այդուհանդերձ, առաջիկա տարիներին Ռուսաստանի իշխանությունները հպարտության առիթներ չեն ունենա: Մինչև 2018 թվականը, գործակալության մասնագետների գնահատմամբ, Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը կլինեն նվազագույն մակարդակի վրա` մոտ 0․5 տոկոս տարեկան: Նույն գնահատականների համաձայն՝ միայն այս տարի երկրի համախառն ներքին արդյունքը կնվազի 2.5 տոկոսով: Պետբյուջեի պակասորդը առաջիկա չորս տարիներին ավելի քան 2 տոկոս կկազմի, իսկ միջազգային պահուստներն ու դաշնային բյուջեի եկամտային մասը անշեղորեն նվազելու են: Սա է պատճառը, որ Standard and Poor’s-ը հայտարարել է․ - «Ռուսաստանի վարկանիշը կարող է է՛լ ավելի նվազեցվել»: Որպես ռուսական տնտեսության գնահատման հերթական ժամկետ գործակալությունում նշել են ապրիլի 17-ը:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի համոզմամբ, մինչդեռ, Standard and Poor’s-ի գնահատականները «ավելի հոռետեսական են, քան իրականությունն է»: Դրա հետ մեկտեղ, նախարարը ընդունում է, որ առանց շուտափույթ բարեփոխումների ռուսական տնտեսության վիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ:

«Արդեն 2015 թվականին մենք նախատեսում ենք նոր կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել, որոնք հնարավորություն կտան նոր որակի կառավարման համակարգ և նոր որակի բյուջե ունենալ: Դա մեզ թույլ կտա նաև զերծ մնալ առաջիկա երկու տարիներին պահուստները ծախսելու անհրաժեշտությունից», - հայտարարել է Սիլուանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG