Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյան․ Պետք է նախ խոշոր բիզնեսը բերվի հարկային դաշտ


Տնտեսագետ Վահագն Խաչատրյան, 27-ը հունվարի, 2015թ.
Տնտեսագետ Վահագն Խաչատրյան, 27-ը հունվարի, 2015թ.

Տնտեսագետը մեկնաբանում է շրջանառության հարկի օրենքի շուրջ վերջին զարգացումները:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անտեղի է համարում շրջանառության հարկի մասին օրենքում արված փոփոխությունները։ Նրա համոզմամբ, Կառավարության ընտրած փոփոխությունների ձևաչափը՝ հարկատեսակը փոխել, բայց պարտադրել փաստաթղթաշրջանառություն, իրականություն չի դառնա։

«Ինչի՞ համար է փոքր բիզնեսը կամ միջին բիզնեսը` դրանք հիմնականում սոցիալական խնդիրներ են լուծում, այսինքն` աշխատատեղեր, դրանով հարկային հարցեր չենք լուծում, բյուջեի հարցեր չենք լուծում։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում՝ այդ մարդկանց աշխատատեղերը կրճատել՝ բյուջեի գումարնե՞ր ավելացնել, թե՞ աշխատատեղերը թողնել՝ բյուջեն չլցնել, թե՞ երկուսը միասին իրականացնել։ Իրականում խնդիրը կարելի է լուծել և՛ աշխատատեղեր ավելացնելով, և՛ բյուջեի խնդիրները լուծել, բայց պետք է դրա համար, առաջին հերթին, խոշոր բիզնեսը բերվի հարկային դաշտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ օրենքի քննարկման ժամանակ Կառավարության ղեկավարը հայտարարեց, թե օրենքը փոխվում է՝ փոքր բիզնեսն օգտագործելով խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու համար։

«Սա ուղղակի ծիծաղելի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեզ մոտ որևէ մեկը դասական առումով ստվերային դաշտում չի գտնվում։ Մեզ մոտ ովքեր ստվերում աշխատում են՝ վաղուց հայտնի են բոլորին, դրա մասին կա նաև միջազգային բոլոր հաշվետվություններում», - ասաց Խաչատրյանը։

Նա վստահեցրեց՝ օրենքի փոփոխությունը վնասելու է քաղաքացիներին, վնասելու է փոքր բիզնեսին։

«Եթե Կառավարությունը փետրվարի 1-ից պարտադրի փաստաթղթեր ներկայացնել՝ դա նշանակում է տասնյակ, հարյուրավոր կամ հազարավոր աշխատատեղերի կրճատում կամ բիզնեսի փակում, որովհետև այդ մարդիկ իրենք չեն, որ այդ խաղի կանոններն են սահմանել, իրենց պարտադրել են այդ խաղի կանոնները: Եթե այդ խաղի կանոնները լինեին այնպիսին, որ փոքր բիզնեսի հետ դուք պետք է այսպես աշխատեիք, փաստաթղթեր ունենայիք՝ այդ մարդիկ այդպես կաշխատեին, բայց այդ մարդկանց ասել են, որ, գիտեք ինչ կա, խաղի կանոնները սրանք են, հիմա իրենց վերաբերյալ փոխում են, հիմնականի՝ խոշորի վերաբերյալ խաղի կանոնները չեն փոխում», - ընդգծեց Խաչատրյանը։

Նրա կարծիքով, այս ճգնաժամային իրավիճակում հարկավոր էր ոչ թե փոքր ու միջին բիզնեսի վիճակն ավելի ծանրացնել, այլ նրանց հարկային բեռը փոքրացնել, ազատություն տալ։

«Գոնե շնորհակալություն հայտնեն՝ աշխատատեղ եք ստեղծել, որովհետև այդ ստեղծված աշխատատեղերի մեջ պետության մասնակցությունը չկա, այդ մարդիկ իրենց նախաձեռնությամբ, իրենց ռիսկով գնացել են, բիզնես են բացել, վարկեր վերցրել, հարկեր են վճարում, և եթե նույնիսկ իրենք իրենց հարցերն են լուծում, պետությունն իրենց հարցերով չի զբաղվում, կարելի է շնորհակալություն հայտնել», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով․ - «Երեք տարի կարելի էր ընդհանրապես փոքր և միջին բիզնեսի մասին մոռանալ, հիշել միայն եթե հնարավորություն կար հարկային բեռը փոքրացնելու կամ բիզնեսի գործարարության սահմանները լավացնելու»:

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետաձգեց մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում կարող են զգուշացվել և տուգանվել:

Արդեն մի քանի օր է՝ փոքր և միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ, տոնավաճառների աշխատակիցներ հավաքվում են Կառավարության շենքի մոտ՝ պահանջով կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG