Մատչելիության հղումներ

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում


Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

Ադրբեջանի Զինված ուժերի` երեկ մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժություններին մասնակցում են երկրի բանակում ներգրավված բոլոր զորատեսակները:

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` հատուկ ընդգծելով, որ զորավարժությունները մեկնարկել են Իլհամ Ալիևի հատուկ հրահանգով:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ զորավարժություններին մասնակցում է 15 հազար զինծառայող, մոտ 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր հրետանի և հրթիռային կայանքներ: Բացի այդ զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մոտ երկու տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ներգրավված են նաև հակաօդային պաշտպանության ուժերը, որոնք ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ պետք է օդից ապահովեն զորախաղերին մասնակցող ստորաբաժանումների անվտանգությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարը զորավարժությունների վայրից, 2-ը փետրվարի, 2015թ.
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարը զորավարժությունների վայրից, 2-ը փետրվարի, 2015թ.

Կանոնավոր բանակի ստորաբաժանումներից բացի զորավարժություններին մասնակցում է նաև շուրջ 5 հազար պահեստազորի զինծառայող: Զինապարտների այս մի խմբի ներգրավման նպատակն, ըստ ադրբեջանական աղբյուրների, բանակի զորահավաքային կարողությունները ստուգելն է:

Բուն զորավարժությունների ընթացքը ղեկավարում են ադրբեջանական բանակի երկու ամենաբարձրաստիճան սպաները` պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիխովը: Երկուսն էլ ի դեպ ղարաբաղյան պատերազմի մասնակցության բավական հարուստ փորձ ունեն: Զաքիր Հասանովը մարտական գործողություններին մասնակցել է Հորադիզի ուղղությամբ, իսկ Սադիխովը` Գլխավոր շտաբի պետի պաշտոնը անփոփոխ կերպով զբաղեցնում է դեռ պատերազմի վերջին շրջանից՝ 1993-ի նոյեմբերի 2-ից:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը զգալիորեն սահմանափակում է զորավարժությունների մասին տեղեկատվությունը: Այս պահին լրատվամիջոցներում հայտնվել են միայն զորավարժությունները պատկերող մոտ մեկ տասնյակ լուսանկարները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը չի հստակեցրել նաև զորավարժությունների անցկացման վայրն ու տևողությունը:

Հարկ է նկատել, որ ադրբեջանական բանակի այս զորավարժությունները ամենախոշորն են վերջին մի քանի տարիների ընթացքում: Վերջին 10 ամիսներինԱդրբեջանի զինված ուժերը առնվազն չորս խոշոր զորավարժություն են անցկացրել այդ թվում շփման գծի և Հայաստանի հետ պետական սահմանի անմիջական հարևանությամբ:

2014-ի ապրիլին լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակը: Հունիսին արդեն զորավարժություններ մեկնարկեցին Շեմախիի շրջանում` մոտ 4 հազար զինծառայողների մասնակցությամբ:

Ադրբեջանական բանակը զորավարժություններն անցկացրեց նաև անցած աշնանը՝ նախ սեպտեմբերին, ապա նաև նոյեմբեր ամսին: Վերջինը հիշատակված զորավարժությունները, ի դեպ, մեկնարկեցին հայկական Մի-24 ուղղաթիռի կործանումից հաշված ժամեր անց` 2014-ի նոյեմբերի 13-ին: Այս զորավարժություններին մասնակցում էր շուրջ 5 հազար զինծառայող:

Դրանք ադրբեջանական կողմի յուրատեսակ պատասխանն էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից նոյեմեբրին անցկացված «Միասնություն 2014» անվանումը կրող զորավարժություններին, որոնց մասնակցում էր 47 հազար զինվորական, շուրջ 900 միավոր զրահատեխնիկա և 2000 միավոր հրետանի: Այս ամենը կազմում էր հայկական բանակի ընդհանուր թվաքանակի 80 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG