Մատչելիության հղումներ

Վերինկարմիրաղբյուրցիները փակել էին դեպի Բերդ տանող ճանապարհը


Վերինկարմիրաղբյուրցիները փակել էին դեպի Բերդ տանող ճանապարհը
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի մի խումբ բնակիչներ այսօր փակել էին դեպի Բերդ տանող ճանապարհը՝ պահանջելով, որ «Եղվարդշին» ընկերությունը փոխհատուցի անցած օգոստոսին գյուղի մոտ երեք տասնյակ բնակիչների այրված այգիների համար։

Գյուղացիները պնդում են, որ հենց «Եղվարդշին»-ն է այդ ժամանակ զոդման աշխատանքներ իրականացրել այգիների հարակից տարածքներում։

Տուժած վերինկարմիրաղբյուրցիների մի մասին «Եղվարդշինը» փոխհատուցել է, սակայն գյուղացիներից 4-ը գոհ չեն տրված գումարներից։

«Անընդհատ սպասեցնում են, անընդհատ խաբում են: Չենք կարողանում հասնել արդյունքի: Գյուղատնտես մասնագետը 2014 թվականի սեպտեմբերի 11-ին գնահատել ա իմ վնասը 15-20 միլիոն», - ասաց նրանցից մեկը՝ վստահեցնելով․ - «Մենք այնքան ենք պայքարելու, որ շատ բարձրաստիճան մարդիկ գան և հրավիրեն «Եղվարդշին»-ի ղեկավարությանը, որպեսզի մեր պահանջը իրականանա, մենք մեր վնասը ստանանք»:

Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն արդարացի է համարում գյուղացիների պահանջը, միևնույն ժամանակ կարծում է, որ պետք է ոչ թե ճանապարհը փակեին, այլ սպասեն, որ իրավապահները պարզեն մեղավորին։

«Նրանք են [«Եղվարդշին» ընկերությունը] այնտեղ գործ անելիս եղել, անփույթ են վերաբերվել կրակի հետ: Այդ կրակի պատճառով վառվել են այգիները: Մարդիկ խնդրում են իրենց փոխհատուցումը ստանան: Արդարացի են պահանջում: Չորս հոգու այգիների վիճակները ավելի ծանր են: Հիմնական տուժողները նրանք են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չոբանյանը:

Ըստ գյուղապետի, այդ 4 գյուղացիներին հասցված վնասի չափը կազմում է մի քանի միլիոն դրամ․ - «Դրա համար էլ երևի «Եղվարդշին»-ը չի կամենում այդքան մեծ գումարներ վճարի: Մարդիկ էլ այս քայլին են գնացել»:

«Եղվարդշին» ընկերության տնօրեն Սամվել Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց իրենց առնչությունը հրդեհին․ - «Հրդեհը եղել է մեր աշխատանքը վերջացնելուց մի ժամ հետո, մեր տեղում չի եղել․․․ Ուղղակի ժողովուրդ էր, հարձակվել էին տղերքի վրա, եկել էին իրենք էին հանգցրել»:

Նա ասաց, որ մոտ քսան հոգու, այդուհանդերձ, փոխհատուցում վճարել են․ - «Ուղղակի ես օգնություն եմ արել»:

Հարցին՝ եթե մեղավոր չեք համարում ձեզ,ինչո՞ւ եք փոխհատուցել գյուղացիներին, Վարդանյանը պատասխանեց․ - «Այդ հարցը հազար անգամ ինձ տանջել ա, թե ինչու եմ տվել: Պիտի տված չլինեի, երևի: Հիմա այդ չորս հոգին, որոնց որ նույն կարգի դրանց էլ եմ օգնություն տվել, չեն վերցրել, յանի քիչ ա, դրանք ինչ ուզում ա անեն: Ոչ մի կապ չունի մեր հետ»:

Քննչական կոմիտեից, սակայն, հաղորդեցին, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հենց«Եղվարդշին»-ի աշխատակից, եռակցող Աշոտ Եղյանին՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Մասնագիտական եզրակացության համաձայն՝ գյուղացիներին պատճառված վնասը գնահատվել է 4.5 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG