Մատչելիության հղումներ

Համանախագահները թարմ մոտեցումներով են այցելելու Հայաստան. Քաղաքագետ


Համանախագահները թարմ մոտեցումներով են այցելելու Հայաստան. Քաղաքագետ
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Վաղը Երևանում Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ, հաջորդ օրը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ։

Մինսկի խմբի համանախագահների վերջին՝ հունվարի 27-ին արած հայտարարությունից հետո սա նրանց առաջին այցն է տարածաշրջան։

«Վերջին հասցեական հայտարարությունից հետո գործընթացը նոր փուլում է, որտեղ խնդիրներն ավելի կոնկրետ են»,- «Ազատության» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ միջնորդների վերջին հայտարարության մեջ առաջին անգամ միանշանակ նշվել էր, որ հատկապես ադրբեջանական կողմն է հրահրում սահմանային լարվածությունը.- «Կարծում եմ նաև այս հայտարարությունից հետո կհետևի պրոցեսի մի այլ տրամաբանություն, որտեղ խնդիրները մի քիչ ավելի կկոնկրետանան։ Հին ձևը այլևս չի աշխատում, առկա է լարվածություն, առկա են զոհեր և առկա է վտանգի ահագնացում, որ լայնամասշտաբ պատերազմ կարող է վերսկսվել նույնիսկ ինչ-որ պատահականության արդյունքում, նույնիսկ երբ կողմերը դա չեն ծրագրել»։

Մեհրաբյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահները թարմացված մոտեցումներով են այցելելու Հայաստան ու պատահական էլ չէ ամերիկացի միջնորդ Ուորլիքի՝ տարածաշրջան այցից առաջ թվիթերյան այն գրառումը, որ լուրջ խոսակցություն են ակնկալում Ադրբեջանի նախագահի ու մյուսների հետ՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման շուրջ։

Եթե մինչ այս Իլհամ Ալիևը ռազմատենչ հայտարարություններ էր անում միայն ներքին սպառման համար, ապա վերջին անգամ նա նույն ոճով խոսել է նաև Մյունխենում՝միջազգային հանրության առջև։ Մինսկի խմբում այս ամենը հաշվի են առնում, կարծում է Մեհրաբյանը։

«Կարծում եմ, որ զրույցը խիստ կլինի և շատ ավելի կոնկրետ։ Հակառակ պարագայում կարող ենք ուղղակի հանգել ուղղակի անկառավարելի վիճակի։ Այդ պատկերացումը, կարծում եմ, Մինսկի խմբի համանախագահների մոտ կա։ Համանախագահ երկրներից ոչ մեկին ձեռնտու չէ նման զարգացումը, երբ ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից»,- ասաց քաղաքագետը։

Հայ-ադրբեջանական սահմանին տարեսկզբից առկա լարված մթնոլորտի պայմաններում համանախագահները այս այցի ընթացքում կփորձեն քայլեր կատարել սահմանային լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ, հատկապես որ այս պահին խաղաղ կարգավորման գործում դրական զարգացումներ չկան, ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նաև հավելում է՝ ցավոք, Ադրբեջանի համոզմամբ, սահմանին լարվածության դեպքում իրենք բանակցային առավելություն են ստանում։ Հետևաբար սպասել, որ սահմանային իրավիճակը համանախագահների հետ հանդիպումից հետո կխաղաղվի, սխալ է։

Սերգեյ Մինասյանն այս համատեքստում հիշեցնում է՝ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է փոխել բանակցային ներկաձևաչափը։

«Դա դեռ չի ստացվում, որովհետև փոխել ֆորմատը, որտեղ ներգրավված են երեք միջուկային երկրներ, երեք ռազմաքաղաքական խոշոր գործոններ։ Առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ցանկության, դա, բնականաբար, հնարավոր չէ այնպես, ինչպես հնարավոր չէ Հայաստանից պահանջել, որ ֆորմատի մեջ փոփոխություններ լինեն, և ներգրավվեն որևէ այլ երկրներ»,- ասաց քաղաքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG