Մատչելիության հղումներ

Նախարարը պնդում է, թե ինքը ընդամենը վրդովվել է


Նախարարը պնդում է, թե ինքը ընդամենը վրդովվել է
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը «Ազատության»-ը ասաց, թե որևէ լծակ չի օգտագործել ուսուցչուհուն աշխատանքից ազատելու համար:

Օրեր առաջ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հանրակրթական դպրոցում Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդու մասնակցությամբ աշակերտների միջև տեղի ունեցած վեճից հետո դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրենն ազատվել է աշխատանքից:

«Ազատության» հետ զրույցում Արամայիս Գրիգորյանն ասաց, թե ինքը վրդովվել է, երբ տեղեկացել է, որ տղաների վեճը տեղի է ունեցել դպրոցի փոխտնօրենի աշխատասենյակում՝ վերջինիս բացակայությամբ:

«Ես վրդովվել եմ նրանից, որ կաբինետ են տալիս, յոթ երեխայի նստացնում են, որպեսզի հարցաքննություն անեն: Ուսուցիչը ներկա չի լինում: Կարող է այդտեղ հազար ու մի բաներ լինեն», - ասաց նա՝ հավաստիացնելով, թե որևէ լծակ չի օգտագործել ուսուցչուհուն աշխատանքից ազատելու համար:

Վիճաբանության մասնակից մյուս աշակերտներն ասում են, որ իրենք բոլոր քայլերին դիմելու են, որպեսզի փոխտնօրենը վերադառնա դպրոց: Պնդում են, որ նա իրենց առանձնասենյակ է ուղեկցել, որպեսզի վեճը դրսում տեղի չունենա: Իսկ աշակերտներից մեկը նշեց, թե Սեյրանյանը իրենց վեճի ընթացքում պարբերաբար բացել է աշխատասենյակի դուռն ու հսկել իրավիճակը:

Դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը «Ազատության» մեզ հետ զրույցում ասաց, որ փոխտնօրենն աշխատանից ազատվել է սեփական դիմումի համաձայն․ - «Նախարարի տղայի հետ կապված մենք ոչ մի խնդիր չենք ունեցել: 17 տարուց ավել ես տիկին Սեյրանյանի հետ աշխատել եմ, և բացարձակ ոչ մի միջադեպ կամ խոսակցություն, ոչ մի ավելորդ բան դպրոցում չի եղել»:

Մինչդեռ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղեկությունները միջադեպի վերաբերյալ այլ են․ - «Որքանով որ ես տեղյակ եմ, փոխտնօրենը հեռացվել է հակամանկավարժական գործունեության համար: Ինքը թույլ է տվել, որպեսզի իր աշխատասենյակում աշակերտները իրար հետ վիճեն, իր թույլտվությամբ»:

Վեճի մասնակից աշակերտներն «Ազատությանը» պատմեցին, որ Բնապահպանության նախարարի որդին միշտ աչքի է ընկել իր ագրեսիվ պահվածքով և մյուսներին իշխելու ձգտումով․ - «Մուննաթով ա խոսում, իրանից գոհ: Ծնողական ժողով հրավիրեցին կոնֆլիկտից հետո, ինքը ծնողների հետ էլ լավ չէր խոսում»:

Իսկ դեպքից հետո հրավիրված ծնողական ժողովին նախարարի որդին՝ Թեմուր Գրիգորյանը, ներկայացել էր թիկնապահի ուղեկցությամբ:

Թեմուրն «Ազատության»-ն ասաց, որ չի ճանաչում իրեն ու ընկերներին վեճի մեջ ներքաշած տղաներին, հավելելով՝ ինքը բնավորությամբ խաղաղասեր է ու ծնողական ժողովին ներկա է եղել ընտանիքի վարորդի հետ․ - «Ես դասարանի երեխաների հետ լավ շփում ունեմ, դպրոցի դասատուների հետ լավ եմ: Դասարանի տղաներն էլ որ ասում են իրենց հետ վեճեր եմ ունեցել, ես իրենց չեմ ճանաչում»:

Դպրոցում հանդիպեցինք նաև աշխատանքից ազատված փոխտնօրենին: Նա, սակայն, հրաժարվեց խոսել կատարվածի մասին:

Հատկանշական է, որ ամիսներ առաջ Սևանի հանրակրթական դպրոցներից մեկում, ծնողների պնդմամբ՝ ուսուցիչներից մեկը կախիչով հարվածել էր աշակերտի աչքին՝ նրան զրկվեով տեսողությունից:

Այս դեպքում ծնողների բողոքներն ու հարուցված քրեական գործը բավարար չեղան, որպեսզի այդ մանկավարժին հեռացնեն աշխատանքից: Բնապահպանության նախարարի վրդովմունքը, մինչդեռ, միանգամայն բավարար էր, որ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ուսուցչուհուն զրկեն աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG