Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանի ձեռքբերումներից է համարում կենսունակ քաղաքացիական հասարակությունը


Միացյալ Նահանգները խորապես կարևորում է գործընկերությունը Հայաստանի հետ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո:

«Ավելի քան 20 տարի մենք աջակցել ենք Հայաստանում ժողովրդավարությանը, անկախությանը, տնտեսական աճին ու կշարունակենք խորացնել մեր հարաբերությունները», - նշեց Նուլանդը, - «Մենք շատ ենք կարևորում, որ Հայաստանը ավելի հզոր, բարգավաճ ու անկախ լինի, ուժեղ ժողովրդավարական իմիջ ունենա այս տարածաշրջանում և պաշտպանի ազատ ապրելու՝ բոլոր հայերի իրավունքը: Սա շատ կարևոր է մեզ համար», - հավելեց ԱՄՆ փոխպետքարտուղարը:

Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարելով կենսունակ քաղաքացիական հասարակությունը՝ Նուլանդը հայտարարեց, որ այժմ Միացյալ Նահանգները նոր ծրագիր է սկսում Հայաստանի կառավարության հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով:

«Մենք հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ՝ ԱՄՆ դեսպանատունը՝ կառավարության հետ միասին, որն ուղղված է էլեկտրոնային կառավարման, պետական գնումների համակարգում թափանցիկության, ներդրումային մթնոլորտի բարելավմանը, ինչպես նաև փողերի լվացման հնարավորությունների արգելափակմանը, բոլոր ներդրողների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, ինչը ոչ միայն կպաշտպանի ներդրումային մթնոլորտը և երկրի ժողովրդավարությունը, այլ նաև կփակի արտաքին միջամտությունների ճանապարհը ձեր տնտեսության մեջ», - նշեց նա:

Հայաստանի, իսկ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, թե առաջընթաց է նկատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ․ - «Իմ այս այցի ընթացքում նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի հետ քննարկել եմ արյունահեղությունը կասեցնելու հարցը, որը ոչ մեկի շահերից չի բխում: Ես տպավորություն ունեմ, որ մենք երկու մայրաքաղաքներում էլ առաջընթաց ենք արձանագրել և հույս ունեմ, որ առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին խաղաղություն կհաստատվի՝ հանուն բոլոր զինծառայողների, նրանց ծնողների և հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության»:

Երեկ փոխպետքարտուղարը Բաքվում հայտարարել էր նաև, որ Երևանում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկելու է անցած տարի Ղարաբաղում ձերբակալված և հետագայում ղարաբաղյան դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ադրբեջանցիների` Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի ճակատագիրը: Անդրադառնալով այս հարցին՝ Վիկտորիա Նուլանդն այսօր սարսափելի հանցագործություն որակեց կատարվածը, միաժամանակ կրկնեց իր կոչը՝ կալանավորվածներին Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ:

«Այո՛, ես խոսել եմ նաև այն սարսափելի հանցագործության մասին, որը կատարվել էր: Ակնհայտ է, որ դա հանցագործություն էր, սակայն դրանով հանդերձ, մենք կոչ ենք անում համապատասխան իշխանություններին, կատարել այն մարդասիրական ժեստը, որի մասին ես խոսել եմ մամուլի հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ», - ասաց նա:

Փոխպետքարտուղարը անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին, որոնք երկու օր առաջ Սերժ Սարգսյանը որոշեց հետ կանչել խորհրդարանից: Չնայած այդ որոշմանը՝ Վաշինգտոնը կարևորում է, որ Հայաստանն, այդուամենայնիվ, վերջնականապես դուրս չի եկել գործընթացից, ասաց փոխպետքարտուղարը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

«Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարևոր և օրակարգային: Մենք խթանելու ենք դա: Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից, և մեզ համար կարևոր է, որ գործընթացը կարող է շարունակվել», - նշեց նա:​

Ավելի վաղ փոխպետքարտուղարը այցելել էր 1915թ. Ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: «Դա շատ հուզիչ պահ էր: Ես երբեւէ հնարավորություն չէի ունեցել այնտեղ լինելու,եւ, անշուշտ, սա իմ հայաստանյան այցի մի կարեւոր մասն էր»,֊հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարը:

XS
SM
MD
LG