Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ քառօրյան


ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ քառօրյան
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես կգա հստակ պարզաբանումներով:

«Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) պատգամավորներն առաջիկա շաբաթը չեն մասնակցի խորհրդարանական աշխատանքին։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ քառօրյան կբոյկոտեն՝ հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը։

«Առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես կգա հստակ, պարզ, անկեղծ պարզաբանումներով. հանրությանը և իր գործընկերներին կներկայացնի իր քայլերը և իր ռազմավարությունը», - ասաց Զոհրաբյանը։

Խորհրդարանի դահլիճը լքած ԲՀԿ-ական պատգամավորներն այսօր պատրաստ էին ամեն ինչի՝ արտասանելու, երգելու, միայն թե չպատասխանեն հարցերին՝ Ծառուկյանն, ի վերջո, շարունակելո՞ւ է ղեկավարել ԲՀԿ-ն, թե՝ կուսակցությունից հեռանալու որոշում կկայացնի։

ԲՀԿ-ում անցած շաբաթ, հիշեցնենք, հերքել էին լուրը, սակայն Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հարցը իշխող «Հանրապետական» կուսակցության օրակարգից դուրս չի եկել. անցած շաբաթ Գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը այդ հարցին էլ էր անդրադարձել։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու կողմնակից է. - «Յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով»։

Հայաստանում առկա խնդիրները ոչ թե պատերազմով, այլ՝ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու, աշխատելով լուծելու մասին Ծառուկյանի որոշումից հետո էլ չեն դադարել նրա ընկերություններում անցկացվող ստուգումները, նաև պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը։

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասաց․ - «Այս պահին ես չեմ կարող որևէ բան ասել այդ ուղղությամբ, որովհետև դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել»։

Շարունակվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և համանուն խմբակցությունից պատգամավորների արտահոսքը. խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանն է այսօր հայտարարել խմբակցությունը լքելու մասին։

ԲՀԿ-ից դուրս են եկել պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը։ Գրիգորի Մարգարյանը խմբակցությունից, Մելիք Մանուկյանը՝ մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել։

Հանրապետական Մանվել Բադեյանը չի հերքում՝ ճնշում Ծառուկյանի վրա կա, բայց, ըստ Բադեյանի, քաղաքական ո՞ր գործչին չեն ճնշում։

«Քաղաքական ճնշում կա, իհարկե, ոչ միայն իշխանությունների, իր կուսակցութան ներսում էլ կա։ Քաղաքական գործիչը չի կարող ճնշումներից զերծ մնալ ցանկացած ֆորմատում, այո՛, ճնշումներ կլինեն», - ասաց Բադեյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գիտի ինչո՞ւ չկայացավ փետրվարի 20-ի հանրահավաքը։

«Սերժ Սարգսյանը օրենքից դուրս դրեց Գագիկ Ծառուկյանին իր դատավճռով՝ լրիվ խախտելով բոլոր անմեղության կանխավարկածները, քաղաքական, քաղաքացիական, սահմանադրական, ժողովրդավարական ազատությունների մասին էլեմենտար պատկերացումները, և 500-ից ավելի մարդ ենթարկվեցին ԲՀԿ-ում տարբեր տեսակի բռնաճնշումների։ Դրանով գլխատեցին կազմակերպիչ ուժերից մեկին և, բնականաբար, առաջացավ որոշակի շփոթ, որի պատճառով փետրվարի 20-ի հանրահավաքը չկայացավ», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Զուրաբյանի խոսքով, համաժողովրդական շարժումը չի մարել։ Եռյակի կենսունակության մասին, սակայն, դեռ ձեռնպահ են մնում խոսել։

«Հայաստանում ինչքան էլ տեռոր լինի Սերժ Սարգսյանի կողմից, նրա ռեժիմի կողմից, միևնույն է, դիմադրություն լինելու է, պայքար լինելու է, և դիմադրության բոլոր ուժերի ստուգատեսը մենք անցկացնելու ենք մարտի 1-ին։ Միասին որոշենք՝ ինչ ենք անելու», - ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG