Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան. ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս է


ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 24-ը փետրվարի, 2015թ.
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 24-ը փետրվարի, 2015թ.

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, հիմա ԲՀԿ-ն ի՛նքը պետք է ասի՝ որտեղ է գտնվում։

Սերժ Սարգսյանը գտավ իրավիճակը հանգուցալուծելու հետևյալ ձևը՝ որոշեց կազմակերպիչ առաջատար ուժերից մեկին գլխատել, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների, Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առճակատման ու փետրվարի 20-ի չկայացած հանրահավաքի մասին։

«Եռյակը որոշել էր փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու օրակարգով, և, բնականաբար, սա մեծ տոնախմբություն էր առաջացրել մեր ժողովրդի մեջ, որովհետև, իսկապես, արթնացրել էր հույս, որ ի վերջո կարող ենք այս իշխանություններից ազատվել։ Եվ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այս ստեղծված վիճակում ինքը ոչինչ չունի անելու՝ այսինքն, եթե հավաքվի ժողովուրդը, իսկ ժողովուրդը լցնելու էր Ազատության հրապարակը, հարակից բոլոր փողոցները, և պարզ էր դառնալու, որ Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է հեռանար, կա՛մ ինչ-որ քաղաքական մի լուծում առաջարկեր։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ գետինը փախչում է իր ոտքերի տակից, և գտավ իրավիճակը հանգուցալուծելու այս տարբերակը», - ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդին ուղղված Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից ու ոչ իշխանական եռյակի լիդերների հանդիպումից հետո եռյակը հայտարարեց, թե փետրվարի 20-ին դուրս է գալու Ազատության հրապարակ՝ քաղաքացիների հետ միասին որոշում կայացնելու և հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Սակայն Երևանի քաղաքապետարանը ի գիտություն չընդունեց հանրահավաքի իրազեկման հայտը, ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդն էլ հանրահավաքից երկու օր առաջ հայտարարեց, թե «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալով հնարավոր պրովոկացիաներից և բախումներից»` որոշում է կայացրել չեղյալ համարել հանրահավաքի անցկացումը։ Նախապես հայտարարված հանրահավաքի օրը Ազատության հրապարակ եկավ եռյակից միայն «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե «եռյակ այլևս գոյություն չունի», և իրենք այլևս «այս խաղը չեն խաղում»։

«Ազատության» հարցին, թե եռյակ գոյություն ունի՞, Զուրաբյանը պատասխանեց. - «Եռյակը դա ովքեր էին ՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը։ Հիմա ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս է, հիմա ԲՀԿ-ն ի՛նքը պետք է ասի՝ որտեղ է ինքը գտնվում։ ԲՀԿ-ն այս պրոցեսից հետո, ահաբեկչական այս գրոհից հետո ոչինչ չի ասել»։

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ փետրվարի 20-ի փոխարեն հանրահավաքը կկայանա մարտի 1-ին, և, ըստ Զուրաբյանի, դա լինելու է ստուգատես հանրահավաք։

«Ժողովուրդը, ինչպես հասունացել էր այդ գիտակցությանը, որ պետք է իշխանափոխություն անի երկրում, այդ նույն գիտակցման տերն է, այլ բան է, որ կազմակերպիչների ճամբարում կա ժամանակավոր շփոթ։ Հիմա մարտի 1-ի հանրահավաքը դա ստուգատես է այն ուժերի, ովքեր համարում են, որ ինչ էլ կատարված լինի, ռեժիմը ինչ տեռորի էլ անցնի, ինչպես էլ փորձի կոտրել շարժումը, այդ ուժերը շարունակում են իրենց պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման, զարգացման և ռեժիմից ազատվելու նպատակով», - ասաց Զուրաբյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մարտի 1-ի հանրահավաքը բեկումնային չի լինելու։

Լևոն Զուրաբյանը ասաց, որ ինչ-որ պահի իրենց կանխատեսումները իրականանալու են, և արդեն շատ մեծ ցնցումներով հասունանալու է իշխանափոխություն։

«Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ մարդ կարող է ասի՝ լավ, քանի որ փետրվարի 20-ի հանրահավաքը չստացվեց, ուրեմն մենք հուսահատվել ենք, էլ ոչ մի բան հնարավոր չի վերափոխել։ Ո՛չ, մարտի 1-ի հանրահավաքը, որն արդեն արտոնված հանարահավաք է, այդտեղ իշխանությունները ոչ մի բան չեն կարող անել, որևէ պատճառ բռնել, թե անօրինական է՝ արգելել, բայց հանրահավաքում մենք սպասում ենք մեր ամբողջ ժողովրդին», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG