Մատչելիության հղումներ

Քերրին մեղադրում է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ ԵԱՀԿ դիտորդներին


Ջոն Քերրի, արխիվ
Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին պարբերաբար ակնհայտ ստելու մեջ։

Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովում պետքարտուղարին հարց է ուղղել իր տեղակալը՝ Լինդսի Գրեմին՝ ճշտելով Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ ռուսական կողմի մշտական հերքումների իսկությունը:

«Համաձա՞յն եք ինձ հետ, որ Ռուսաստանը ստում է, երբ ասում է, որ Ուկրաինայում չկան ռուսական զորքեր և զենքեր», - հարցրել է պետքարտուղարի տեղակալը:

«Այո», - պատասխանել է Ջոն Քերրին:

Պետքարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանում հիմա սառը պատերազմի քարոզչություն է։ «Նրանք համառ են՝ իրականությունը խեղաթյուրելու հարցում», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը՝ հրաժարվելով մեկնաբանել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ լուրերը և հավելել է, որ այդ հարցը դեռևս Օբամայի վարչակազմի և կոնգրեսականների քննարկման տիրույթում է:

Շաբաթներ առաջ New York Times-ը հրապարակել էր տեղեկություն, ըստ որի հնարավոր է, որ Օբամայի վարչակազմը համաձայնի Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրել: Զենքի մատակարարման ակնկալիքով Միացյալ Նահանգներին դիմել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինայի արևելքում մարդկային հազարավոր կյանքեր խլած պատերազմական գործողությունները սկսվեցին անցյալ տարվա ապրիլից:

Amnesty International-ի՝ այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ 2014-ը աղետալի տարի էր կառավարական զորքերի ներգրավմամբ մարդու ամենագլխավոր՝ կյանքի իրավունքի խախտման իմաստով: Amnesty International-ի զեկույցում անդրադարձ կա նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի առնչությամբ կոչ է արել «դադարեցնել ձևացնել քաղաքացիների պաշտպանություն՝ հանուն իշխանության»:

Դոնեցկի ինքնահռչակ իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են հնարավորություն ընձեռել ԵԱՀԿ դիտորդներին՝ լինել այն տարածքում, որտեղ անջատողականները դուրս են բերել ծանր զինտեխնիկան՝ ավելացնելով, որ պատրաստ են նաև երաշխավորել նրանց անվտանգությունը, եթե հրապարակեն իրականությանը համընկնող տվյալներ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե դիտորդները չեն հետևում ծանր զինտեխնիկան դուրս բերելու գործընթացին:

«Հիմա շատ բան է կախված դիտորդների ազնիվ, օբյեկտիվ մոտեցումից», - ասել է Լավրովը:

Ուկրաինական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջին օրերին անջատողականների զինված գործողությունները նվազել են: Ուկրաինական բանակի խոսնակը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր գնդակոծվել է Պոպասնա գյուղը, բացի այդ՝ անջատողականները փորձել են Մարիուպոլից ոչ հեռու՝ Շիրոկին գյուղն ասպատակել: Պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ անջատողականների նման ռազմական վարքագծի պայմաններում ուկրաինական բանակը հետ չի քաշի ծանր զինտեխնիկան:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գնահատմամբ, երբ փետրվարի 12-ին ստորագրվում էր հրադադարի համաձայնագիրը, բոլորը գիտեին, որ դրա իրականացումը կլինի շատ դժվար:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակին ասել է. - «Մենք ուզում ենք տեսնել ծանր զինտեխնիկայի հետ քաշելը և մենք ուզում ենք տեսնել, որ դա տեղի է ունենում հիմա»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ հաջորդ ամիս ուկրաինական զորքին կաջակցի բրիտանական կառավարությունը՝ հետախուզության խորհրդատվության, բժշկական անձնակազմի վերապատրաստումներ ապահովելով: The Guardian-ի մեկնաբանն այս քայլը որակում է որպես սիմվոլիկ ժեստ՝ Ուկրաինայի պաշտպանական համակարգում որոշակիորեն ներդրում անելու իմաստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG