Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն դրական է գնահատում ՀԱԿ-ի՝ մինչ ապրիլի 24-ը հանրահավաքներ չանցկացնելու որոշումը


ՀՀԿ-ն դրական է գնահատում ՀԱԿ-ի՝ մինչ ապրիլի 24-ը հանրահավաքներ չանցկացնելու որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Առնվազն մինչև ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումներ չանցկացնելու ՀԱԿ-ի որոշումը իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում։

«Ապրիլի 24-ը ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և մենք պետք է կարողանանք ներքաղաքական, ներկուսակցական մանր շահերը մի կողմ դնել և պատվով իրականացնել այն միջոցառումները, որոնք նախատեսված են։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ապրիլ 24-ի նախօրեին ցանկացած քաղաքական ուժի կողմից ներքաղաքական լարում կամ ցույցեր և միտինգներ անելը առաջինը հենց մեր հասարակության կողմից դրականորեն չի ընկալվի»,- ասաց Հանրապետականի խոսնակը։

«Ամեն դեպքում, անկախ նրանից՝ դա Տեր-Պետրոսյանն է, թե այլ քաղաքական ուժ է, չգնալ այդ ճանապարհով, դա իհարկե, դրական է»,- հավելեց Շարմազանովը։

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այնուամենայնիվ, կարծում է՝ ՀԱԿ-ը երկու ամիս դադար վերցրեց ստիպված։

Մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռնպահ մնաց անդրադառնալ ներքաղաքական վերջին իրադարձություններին՝ առաջին նախագահի ձևակերպմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գործադրված վայրագ հաշվեհարդարին, ընդդիմության հետագա ծրագրերին և, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումներին, որովհետև «հապշտապ դատողություններ անելու սովորություն չունի»: Ուստի ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած ՀԱԿ-ին, ասաց, ժամանակ է պետք իր հետագա մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։

«Տեր-Պետրոսյան քաղաքական առաջնորդը այլևս քաղաքական թոշակառու գործիչ է, և նրա գնահատականները ավելի շատ հիշեցնում են քաղաքագիտական գնահատականներ։ Այդ երկու ամսվա թայմ աութը ոչ թե ժեստ էր, այլ ճանապարհ չուներ։ Ստիպված քայլ էր։ ՀԱԿ-ի բոլոր քաղաքական հաշվարկները կամ գրեթե բոլորը կապված էին մեկ այլ քաղաքական թիմի հետ։ ՀԱԿ-ը վերածվել էր ԲՀԿ-ի վերջին վագոնի»,- ասաց Շարմազանովը։

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը պնդեց՝ միասնական հարթակի կողմնակից է.- «Մնում ենք միացյալ հարթակ ունենալու կարծիքին, բայց երբ ասվում է, որ ընդամենը մեկ կուսակցություն է մնացել ընդդիմադիր դաշտում, ժողովրդական մի իմաստություն կա, ասում է՝ հալվա, հալվա ասելով շուրթերդ չեն քաղցրանում»։

Իշխանությունը շահագրգռված է ուժեղ ընդդիմություն ունենալու հարցում, հայտարարեց Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Իշխանության ներկայացուցիչը կտրականապես մերժում է տեսակետը, թե իշխանությունը կանխեց ընդդիմության հզորացումը՝ ճնշելով ԲՀԿ-ին։

«Այդ մարդիկ նախ դեռևս ընդդիմություն չեն էլ իրենց հայտարարել։ Եթե ուժեղ քաղաքական ընդդիմություն լինեին, այս վիճակում չէին լինի։ Ուժեղ քաղաքական ընդդիմությունը մի օր հետո կարծիքը չի փոխում և ուժեղ քաղաքական ընդդիմությունից քաղաքական թիմի մի մասը երկու օրում դուրս չի գալիս։ Ես գոնե այդ թևից [ԲՀԿ-ից] չեմ լսել, որ իրենց նկատմամբ եղել են ճնշումներ»,- ասաց Շարմազանովը։

Առաջիկայում հանրահավաքներ չանցկացնելու՝ Կոնգրեսի որոշումը, կարծիք հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանը, կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու մասին հայտարարող ընդդիմադիր այլ ուժերի համար աստեղային ժամ է։ ՀԱԿ առաջնորդը երեկ նաև որոշեց «գաղտնազերծել նոր միասնական կոդավորված ստրատեգիական պլանը»։

«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է», - սարկազմով հայտարարել էր Տեր-Պետրոսյանը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում իր տեսակետն էր ներկայացրել, թե ում է նկատի ունեցել Տեր-Պետրոսյանը։ Դավալուի հատվածը, ասել է, կարելի է վերագրել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, Դավալու գյուղից ուրիշ քաղաքական գործիչ չունենք, որը քննադատած լինի Տեր-Պետրոսյանին: «Մեկ պլյուս մեկը» Նիկոլ Փաշինյանի բանաձևն է, Պուտինի հրաժարական պահանջել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Շանթ Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը: «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսն էլ պատկանում է Հիմնադիր խորհրդարանին, հետևաբար նրանց նկատի ունի:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայրր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.- «Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը կարծում է՝ Տեր-Պետրոսյանի խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանին չէր վերաբերում.- «Ճաշակի հարց է, հիմա եթե ընդդիմափոխության մասին է խոսքը գնում... համենայնդեպս, այդ ելույթի մեջ ես ավելի շատ լսեցի քննադատություն ընդդիմության հասցեին, քան իշխանության»։

XS
SM
MD
LG