Մատչելիության հղումներ

Կառավարության նոր որոշումը հարուցել է տաքսու վարորդների հերթական բողոքը


Կառավարության նոր որոշումը հարուցել է տաքսու վարորդների հերթական բողոքը (Երևան)
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00

Վարորդները բողոքի էին ելել Երևանում և Գյումրիում:

Այսօր անհատ տաքսու հարյուրից ավելի վարորդներ մեքենաներով իրենց մեքենաներով փակել էին Հանրապետության հրապարակը՝ բողոքելով երեկվանից ուժի մեջ մտած Կառավարության նոր որոշման դեմ:

Ըստ մարտի 1-ից գործող որոշման, տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն, որի արժեքը, վարորդների փոխանցմամբ, 60-120 հազար դրամ է:

Վարորդները նշում են, որ նոր կարգը իրենց զրկում է որևէ եկամտից:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցում էր վարորդների հետ, որպեսզի բացեն հրապարակը: Տաքսիտները, սակայն, չնահանջեցին՝ պահանջելով, որպեսզի Կառավարությունից որևէ մեկը պատասխանի իրենց հարցերին:

«Ամեն ինչը թանկացրել են, ամեն ինչը ժողովրդին պարտադրել են, խեղդել են: Այսօրվա դրությամբ այս մարդիկ հնարավորություն չունեն իրենց ընտանիքը պահեն», - ասում էր բողոքավորներից մեկը:

«Օր ա ըլնում, հաց էլ չենք կարում տուն տանենք, թամամ գազի փողը չենք կարըմ քշենք», - հավելեց մեկ ուրիշ վարորդ:

Վարորդների հետ հանդիպեց Տրասնպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Վրդովված վարորդները նրանից պահանջում էին անմիջապես խնդրին լուծում տալ․ - «Մենք խնդրանքով ենք եկել, ուրիշ բանով չենք եկել: Ոչ էլ ուզում ենք կարգ խանգարենք»:

«Չկա որևէ տեղ Հայաստանի պես, որտեղ որ մարդ կարող ա բիզնես անի, այսինքն՝ տաքսիի վարորդ աշխատի և ձեր ասելով որևէ բան չվճարի», - ասաց փոխնախարարը:

Վարորդներից մեկը հակադարձեց․ - «Ոչ մի երկրում ըտենց բան չկա, որ հացի գինը բարձրացնեն, ջրի գինը բարձրացնեն, լույսի գինը բարձրացնեն, բայց աշխատավարձերը չբարձրացնեն»:

Փոխնախարարն առաջարկեց 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարություն՝ խնդիրը քննարկելու: 1 ժամից ավելին ընթացող քննարկումը, սակայն, ցանկալի արդյունքի չհանգեցրեց:

Վարորդները սպառնում են չդադարեցնել բողոքի ակցիաները․ - «Մենք այնքան ենք անելու, մինչև այս հարցը լուծվի»:

Փոխնախարարը, մինչդեռ, ասաց, որ խնդիրն անհնար է լուծել առանց օրենսադրական փոփոխութունների, ինչը վեր է գործադիրի լիազորություններից:

Ավելացնենք, որ վարորդները վարչապետին ու խորհրդարանի խոսնակին դիմում են գրել՝ Կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով:

Կառավարության նոր որոշումը հարուցել է տաքսու վարորդների հերթական բողոքը (Գյումրի)
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Մոտ մի քանի հարյուր տաքսու անհատ վարորդներ էլ այսօր հավաքվել էին Գյումրու Վարդանանց հրապարակում և պահանջում էին, որ Գյումրի ժամանած Տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչը գա հրապարակ և պատասխանի իրենց հարցերին:

Նորանշանակ փոխնախարար Արամ Ասլանյանը, սակայն, հրաժարվեց հրապարակում զրուցել ցուցարարների հետ:

Ցուցարարները նախ մերժեցին փոխնախարարի հետ հանդիպելու համար պատվիրակություն կազմել, սակայն ի վերջո տաքսու անհատ վարորդներից կազմված 40-50 հոգանոց խումբը համաձայնեց հանդիպման գնալ:

Գյումրու քաղաքապետարանում կայացած հանդիպումն անցավ լարված մթնոլորտում: Բարձր հարկերից բողոքող վարորդներին փոխնախարարը հակադարձեց, թե չի հասկանում ինչ է նշանակում հարկ վճարելուց հրաժարվել:

Վարորդների բարձրացրած սոցիալական հարցերը Արամ Ասլանյանը «քաղաքական» որակեց ու դրանց մեծ մասն անպատասխան թողեց: Սա ավելի վրդովեցրեց վարորդներին:

«Ցավոք, ես իմ առաքելությունն այսօր այստեղ ձախողված եմ համարում: Ինչ որ ասացիք, գրել եմ ինձ մոտ, խոստանում են ներկայացնել նախարարին», - հանդիպման վերջում ասաց փոխնախարարը:

Փորձելով մեղմել լարվածությունը՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ - «Այն, ինչ որ դուք ասացիք, այդ բարձրացված հարցերը փոխնախարարը կտանի քննարկման»:

Գյումրեցի վարորդները, սակայն, անդրդվելի էին․ ասացին, որ եթե կրկին փորձեն իրենց անհանգստացնել, պատրաստ են Երևան՝ ուղիղ Բաղրամյան 26 գնալ:

XS
SM
MD
LG