Մատչելիության հղումներ

Պուտինը խայտառակություն և ողբերգություն է որակում Նեմցովի սպանությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 4-ը մարտի, 2015թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 4-ը մարտի, 2015թ․

Ռուսաստանի նախագահն անուղղակիորեն հաստատում է, որ այդ հանցագործության գլխավոր վարկածներից մեկը ռուս ազգայնականների ներգրավվածությունն է:

«Ռուսաստանը հարկավոր է զերծ պահել նման ողբերգություններից», - մի քանի ժամ առաջ Մոսկվայում, Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով Բորիս Նեմցովի սպանությանը:

«Ռուսաստանը անհրաժեշտ է զերծ պահել այնպիսի խայտառակություններից ու ողբերգություններից, որոնցից մեկը մենք վերապրեցինք օրերս: Նկատի ունեմ Բորիս Նեմցովի` մայրաքաղաքի կենտրոնում իրականացված հանդուգն սպանությունը», - նշել է Պուտինը:

Դիմելով Ներքին գործերի նախարարության ղեկավարներին՝ Պուտինը նաև կոչ է արել ավելի ակտիվորեն զբաղվել հանրային մեծ հնչեղություն ստացած հանցագործությունների բացահայտմամբ:

«Ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել աղմկահարույց հանցագործություններին, հատկապես այն իրավախախտումներին, որոնք քաղաքական դրդապատճառներ ունեն», - ասել է Պուտինը` հավելելով, թե ոստիկանությունը պետք է մշտապես հետևի ծայրահեղական երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը:

Պուտինի հայտարարության այս վերջին հատվածն անուղղակիորեն հաստատում է մոսկովյան մամուլում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Նեմցովի սպանության գլխավոր վարկածներից մեկը ռուս ազգայնականների ներգրավվածությունն է դրանում:

Տվյալ վարկածի օգտին է խոսում նաև Նեմցովի սպանությունը հետաքննող խմբի ղեկավարի անձը․ ավելի քան մեկ տասնյակ իրավապահներից կազմված քննչական խմբի գործունեությունը համակարգում է մոսկվացի ամենափորձառու քննիչներից մեկը` Իգոր Կրասնովը, ում նեղ մասնագիտացումը հենց ռուս ազգայնականների կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացվող հանցագործություններն են:

Կրասնովը մասնավորաբար բացահայտել է 2005-ի գարնանը Անատոլի Չուբայսի դեմ կատարված մահափորձը, որի կազմակերպման համար, հիշեցնենք, դատապարտվեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի Հետախուզական վարչության` ГРУ-ի մի պաշտոնաթող սպա: Կրասնովը բացահայտել է նաև հայտնի փաստաբան Ստանիսլավ Մարկելովի և լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանությունը, որն իրագործվել էր այսպես կոչված «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության»` БОРН-ի զինյալների կողմից: Ի դեպ, Կրասնովի կողմից բացահայտված այս վերջին գործով դատավարության ընթացքում ամբաստանյալներից մի քանիսը հայտարարել էին, թե ազգայնական այդ կազմակերպությունը կապեր է ունեցել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG