Մատչելիության հղումներ

Կրեմլը չի պատրաստվում «հարգել Հայաստանի Սահմանադրությունը»


Կրեմլը չի պատրաստվում «հարգել Հայաստանի Սահմանադրությունը»
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են Պերմյակովի հարցով ՌԴ դատախազության պատասխան նամակը։

Ռուսաստանի դատախազության պատասխան նամակից արդեն վերջնականապես պարզ է դառնում, որ Կրեմլը չի պատրաստվում հարգել Հայաստանի Սահմանադրությունը և իր կողմից կնքած միջազգային պայմանագրերը, կարծում է Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և դատախազ Յուրի Չայկային դիմած Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով՝ ռուսական կողմի այս դիրքորոշումը նորություն չէր, սակայն արդեն նաև պաշտոնական ձևակերպում ստացավ:

«Այսինքն նրանք չեն պատրաստվում փոխանցել Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին»,- նշեց Փոստանջյանը։

Ռուսաստանն ապօրինի է պահում Պերմյակովին ռազմաբազայում և դրանով խոչընդոտում է Հայաստանի իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն իրականացնել, կարծում է Փոստանջյանը։ Այժմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է Պերմյակովին ձերբակալելու որոշում կայացնեն, այդ որոշման հիման վրա ռուսական ռազմաբազայում ձերբակալեն նրան, ապա դատարանի որոշմամբ կալանավորեն։

«Եթե փաստացի չեն կատարվում այս գործողությունները, ապա նաև չի կատարվում արդյունավետ քննություն՝ պարզելու, թե ինչպես տեղի ունեցավ յոթ անձանց կյանքի իրավունքից զրկելը։ Այս յոթ անձանց սպանությունների առնչությամբ մեր պետությունը չի կատարում արդյունավետ քննություն»,- ասաց Փոստանջյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի դատախազության այն մեկնաբանությունը, թե չեն պատրաստվում իրենց քաղաքացուն հանձնել Հայաստանին, քանի որ ռուս իրավապահներն են ձերբակալել Պերմյակովին, արդեն իսկ խոստովանություն է Հայաստանի Սահմանադրությունն ու միջազգային պայմանագրերը խախտելու մասին:

«Օտար երկրի իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետությունում տարածքում իրավունք չունեն գործելու»,- ընդգծեց Փոստանջյանը։

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ կարծում է՝ պատասխանը ոչինչ չի փոխել, վերահաստատել է այն, ինչ գիտեին՝ Ռուսաստանի Սահմանադրությունն այստեղ կապ չունի, խախտվել են միջազգային պայմանագրերը.- «Մենք գիտեինք դա, հիմա ստացանք գրավոր պատասխան, վերջացավ»։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ բնական է, որ Ռուսաստանը պաշտպանում է իր Սահմանադրությունն ու իր շահերը: Հարցն այն է թե ի՞նչ են պաշտպանում Հայաստանի իշխանությունները

«Այս կողմում չկա պետություն, որը պաշտպանում է պետական, ազգային, ժողովրդի շահը։ Պրոբլեմը տեսնում են նրա մեջ, որ Հայաստանը այսօր չունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, որը զգում է ժողովրդի վստահությունը և պատրաստ է ցանկացած միջազգային ատյանում, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում պաշտպանել Հայաստանի քաղաքացիների շահերը»,- ասաց Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Միքայել Մելքումյանը կարծում է՝ մեկ նամակի հիման վրա եզրակացություններ անել դեռ վաղ է.- «Մի նամակով և մի պատասխանով կյանքը չի վերջանում։ Դա անընդհատ պրոցես է, կարծում եմ, այն, ինչ մեր հանրության մոտեցումներից է բխում, անընդհատ կշարունակվի, և կարծում եմ, մեր կողմն էլ մի նամակով չպետք է բավարարվի»։

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հանրապետական Հովհաննես Սահակյանն ասում է՝ նախաքննություն է ընթանում, պետք է սպասել, երկու երկրների քննչական մարմինները աշխատում են:

«Էստեղ գործում է իրավապահ համակարգը։ Հանրապետականը՝ որպես քաղաքական միավոր, առաջին իսկ օրը դատապարտել է այս ոճրագործությունը և ասել է, որ «մենք հետամուտ ենք լինելու գործի ամբողջական բացահայտմանը»»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

XS
SM
MD
LG