Մատչելիության հղումներ

Լեհաստանի դեսպան. «Եվրոպայի անվտանգությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից»


Բաքու, Ադրբեջան, արխիվ
Բաքու, Ադրբեջան, արխիվ

Ադրբեջանում Լեհաստանի դեսպանը Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

Դեսպան Մարեկ Ցալկան, ասելով, որ Լեհաստանին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշել է. - «Հաշվի առնելով ռուս-ուկրաինական, ինչպես նաև արևմուտք-արևելք հարաբերություններն ու իրադարձությունները, մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախադեպ է հանդիսանում»:

«Վերջին քառորդ դարում հենց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ մի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում: Հենց այնտեղ, առաջին անգամ, հակամարտություն ծագեց, որը մինչև հիմա կարգավորված չէ: Տեղի ունեցավ, ըստ էության, եվրոպական տարածքի օկուպացիա, ինչը արդեն քառորդ դար շարունակվում է: Սա, իհարկե, եվրոպական քաղաքականության ցավոտ հարցերից մեկն է: Ամեն դեպքում այսպիսին է Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը», – ասել է դեսպանը:

Մարեկ Ցալկան նշել է, որ Եվրոպայում պատմության ընթացքում տեղի են ունեցել պատերազմներ, երկրների սահմաններ են փոխվել, բայց հետո եվրոպական երկրների միջև հաստատվել են անխախտելի սահմաններ:

Trend-ի փոխանցմամբ՝ դեսպանն ասել է, որ եթե բացասական նախադեպ է ստեղծվում և բոլոր կողմերին բավարարող որոշում չի ընդունվում «ապա դա նշանակում է, որ կարելի է կռվել ու սահմաններ փոխել»:

Նշելով, որ Ադրբեջանը տարածաշրջանի առաջատար երկիրն է` Մարեկ Ցալկան հավելել է. - «Մենք պետք է Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենանք: Լեհաստանը միշտ կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը»:

Նա նշել է, որ Լեհաստանը, որպես Եվրամիության և ԵԱՀԿ անդամ երկիր, իր հնարավորությունների սահմաններում կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, օգտագործելով քաղաքական և դիվանագիտական մեթոդներ: Նա ընդգծել է, որ Լեհաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությունը և ցանկանում է, որ այն ավելի արդյունավետ լինի:

«Բայց դա մեր դիվանագիտական իրավասություններից դուրս է», - ասել է նա, նշելով, որ Մինսկի խմբում մի քանի խոշոր խաղացողներ կան, որոնց կարծիքի հետ պետք է հաշվի նստել:

«Հուսով եմ` մեզ բոլորիս կհաջողվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հասնել այնպիսի որոշման, որը ձեռնտու կլինի հակամարտ կողմերին, Հարավային Կովկասի ժողովուրդներին և տարածաշրջանին խաղաղություն և կայունություն կբերի», – հավելել է նա:

Ղարաբաղյան հակամարտությանն այսօր անդրադաձել է նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: Նորանշանակ դեսպանը ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներ է ունենում և այսօր Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը Ռոբերտ Սեկուտան ասել է, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Մեզ անհանգստացում է զորքերի շփման գծում վերջին շրջանում լարվածության աճը: Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի ավելի սրացմանը: Մենք մեր հերթին փորձում ենք հակամարտության կարգավորման առաջընթացի հասնել՝ աշխատելով Ադրբեջանի և Հայաստանի հետ», - APA գործակալության փոխանցմամբ ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG