Մատչելիության հղումներ

Վրաստանի միգրացիոն օրենքի խստացումից հետո Ժդանովականում կյանքն ավելի դժվար է դարձել


Վրաստանի միգրացիոն օրենքի խտացումից հետո Ժդանովականում կյանք ավելի դժվար է դարձել
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Հայաստանին սահմանակից Ժդանովական գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց մոտ ձմեռը վեց ամսից ավելի է տևում։ Ջավախքի առավելապես հայաբնակ այս գյուղում ձյան հսկա շերտից մարդիկ ազատվում են սեփական միջոցներով, իսկ տները ջեռուցում փայտի վառարաններով։

«Գազը ստեղ չի եկել հլը։ Խոսք են տվել, որ էս տարի պիտի հասցնեն էստեղ։ Որ հասնի՝ միգուցե բարելավվի ստեղվա կյանքը»,- ասում է գյուղի բնակիչներից Վիկտոր Կռունկյանը։

Ժդանովականում (նախկին Ժդանով) նաև աջարներ են ապրում, որոնք հիմնականում վերջին տարիներին են այստեղ վերաբնակեցվել` պետական համապատասխան ծրագրի շրջանակներում: Նրանց արտոնյալ պայմաններ են տրամադրվում, սակայն անգամ այդ արտոնությունների պարագայում քչերն են համաձայնում այստեղ գալ։

Բազմանդամ ընտանիքի ամենաավագ անդամը՝ Սարգիս Կռունկյանը պատմում է, որ այստեղ նվազագույն կենսապայմաններ անգամ չկան։ Ճանապարհները քանդված են, իսկ տները հիմնականում լքված։ Միակ գործող հաստատությունը գյուղի դպրոցն է։

«Էնքան որ գոյություն պաշտպանել, իսկական ապրել չկա։ Վերցնենք ընձի, օրինակ, ունեմ տեխնիկա, բայց չեմ ըսե, որ բոլորը ունեն, բայց ես մեծ ընտանիք եմ։ Երկու տղա, աղջիկ, հարս, բայց շատ զոռ է։ 7-8 հազար լարի պարտքի տակ եմ»,- ասում է Կռունկյանը։

Պարտքերի պատճառով նաև տեղի միակ խանութն է փակվել, և մթերքներ գնելու համար գյուղացիները ստիպված են լինում մեքենաներով գնալ հարևան Բոգդանովկա և այնտեղից մի քանի շաբաթվա ապրանք բերել։

Եթե նախկինում Հայաստանի հետ սերտ կապ կար, ապա այժմ Վրաստանի միգրացիոն օրենքի փոփոխության հետևանքով հայկական կամ ռուսական անձնագրեր ունեցող ժդանովականցիները այլևս չեն կարողանում հատել Վրաստան - Հայաստան սահմանը։ Հազարավոր ջավախահայեր նախընտրում էին հայկական կամ ռուսական անձնագրեր ստանալ՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար, բայց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ինքնաբերաբար զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ այդ երկրում օրենքով երկքաղաքացիություն նախատեսված չէ:

«Առաջ ում մտքից կանցներ, կերթար, կուգար, իսկ հիմի շատ դժվար է։ Հիմիկվա դրությամբ ես ու կինս չենք կրնա էրթանք Հայաստան, որովհետև ընդեղ գրանցման հաշիվ կա։ Եթե անցանք Հայաստանի գրանից, ուրեմն մեզի ստեղ պրոբլեմ է, չեն թողնի, 3 ամիս հետո դուրս կենեն, էդ մոմենտը կա։ Բայց խոստացել են, որ պիտի բարելավվի, էդպիսի բան չեղնի մարտից հետո։ Մշուշի մեջ է, չգիտենք՝ իսկապե՞ս պիտի էղնի, թե՞ հակառակը պիտի էղնի»,- ասում է Վիկտոր Կռունկյանը։

Այստեղի, նաև հարակից գյուղերում ապրող մարդկանց միակ զբաղմունքը և ապրուստի միջոցը անասնապահությունն է։ Այն պահից, երբ ծագեց անձնագրերի հետ կապված խնդիրը, Ռուսաստան արտագնա աշխատանքի արդեն քչերն են մեկնում։ Բնակիչները նշում են, որ հաճախ ձեռնտու էլ չէ այնտեղ գնալ, քանի որ աշխատելուց հետո վերադառնում են արժեզրկված ռուբլին ձեռքներին։

«Գնում են քիչ։ Անցած տարի տղես մինչև գնաց, հոգին հելավ, էս տարի չի կրնա էրթա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG