Մատչելիության հղումներ

Ցուցահանդես Պրահայում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով


Չեխիա - Ֆրանց Կաֆկայի հրապարակը Պրահայում, արխիվ
Չեխիա - Ֆրանց Կաֆկայի հրապարակը Պրահայում, արխիվ

Չեխիայի խորհրդարանի պալատի նախագահի հավաստմամբ՝ կան չեխ պատգամավորներ, որոնք ձգտում են հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Երկուշաբթի օրը Պրահայում՝ Չեխիայի երաժշտության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով բացվեց ցուցահանդես, որում ներկայացված են տարբեր երկրների հեղինակավոր թերթերում տպագրված լուսանկարներ ու այլ փաստագրական նյութեր։

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը գլխավորող՝ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, այդ նյութերի ցուցադրությունն առաջինը Պրահայում է կազմակերպվել. - «Չեխիան առաջին հանրապետությունն է, որտեղ մենք՝ երկու խորհրդարանների հովանավորությամբ, իրականացնում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես»։

Չեխիայում, ըստ երկրի խորհրդարանի Միջնորդությունների պալատի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի, կան մարդիկ, որոնք ձգտում են հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Նրա խոսքով, թեև Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում և հայտարարություն չի հրապարակել, այդուհանդերձ, ինքն ու իր գաղափարակիցները կողմ են դատապարտմանը։

«Տեղյակ եմ՝ Թուրքիայում էլ կան մարդիկ, ովքեր դատապարտում են իրենց նախնիների գործած հանցանքները», - ասաց Բեբարովա-Ռույբրովան։

Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան իր ելույթում դատապարտեց Հայերի ցեղասպանությունը։

Էդուարդ Շարմազանովը Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալներ հանձնեց Դոմինիկ Դուկային, Չեխիայի խորհրդարանի Միջնորդությունների պալատի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային, Չեխիա - Հայաստան պատգամավորական բարեկամության նախագահ Ռուբին Բիոնիշին։

Ցուցահանդեսի չեխ այցելուներն ասում էին, որ ցուցադրությունն իրենց հնարավորություն է ընձեռում իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, ծանոթանալ պատմական փաստերին։

Չեխիայի քաղաքացի, իրավաբան Ջոն Բոժակն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ճանաչումը դժվար հարց է: «Կան մի քանի տեսակետներ, քաղաքական մի քանի դիրքորոշումներ այդ հարցում։ Ես կարծում եմ՝ մեր Կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը, դա ինձ համար հեշտ է, բայց չգիտեմ՝ ինչ կարծիք կունենան մյուսները, դա դժվար հարց է», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG