Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հայաստանցիների կացության մասին համաձայնագիրը «մեծ առավելություն չէ»


Արտագնա աշխատանքի մեկնողները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Արտագնա աշխատանքի մեկնողները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Ըստ փորձագետի, դրանից ոչ միգրանտների արտահոսքն է ավելանալու, ոչ էլ գնալ-գալու արագությունը։

Ռուսաստանը վավերացրեց համաձայնագիրը, որով Հայաստանի քաղաքացիները ազատվում են այդ երկրում գտնվելու 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցվելու անհրաժեշտությունից։ Հայաստանցիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում գտնվելով մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել միգրացիոն ծառայություններին և հաշվառվել, այժմ առանց գրանցման կարող են այդ երկրում գտնվել մինչև երեք ամիս:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագետ Գարիկ Հայրապետյանը դա մեծ առավելություն չի համարում: «Քանի որ մեր աշխատանքային միգրանտները մեկնում են այնտեղ երեք ամսից ավել աշխատելու համար՝ ամբողջ գարուն, ամառ և աշուն, կարծում եմ՝ 30 կամ 90 օրը ոչ մի ռեալ փոփոխություն չի բերելու այս գործընթացում, այսինքն՝ դրանից ոչ միգրանտների արտահոսքն է ավելանալու, ոչ էլ արագությունը գնալ-գալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվարին 56 տոկոսով նվազել են Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումները:

ՄԱԿ-ի փորձագետը շեշտում է, որ այս նվազումը, ինչպես նաև միգրացիոն հոսքը մեծապես պայմանավորված են Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակով, նշելով, որ Ռուսաստանի հատկապես շինարարության ոլորտում աշխատատողների թիվը նվազել է, իսկ միգրանտների մեծ մասը հենց այդ ոլորտում է զբաղված։

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով, Հայաստանի քաղաքացիները ԱՊՀ-ի երկրներից Ռուսաստան մեկնող միգրանտների մոտ 5 տոկոսն են կազմում: Գարիկ Հայրապետյանի կարծիքով՝ միգրացիոն կարգի հեշտացումն առանձնապես չի ազդի այդ ցուցանիշի վրա։

«Մենք պետք է բարելավենք իրավիճակը մեր երկրում, որպեսզի ցանկությունը գնալու և դրսում աշխատանք գտնելու ավելի պակասի, և մեզ չմտահոգի այլ երկրներում տեղի ունեցող օրենսդրական այդ փոփոխությունները։ Եվ թե ինչ լուծումներ կտանք մենք դրան՝ դա շատ ավելի բարդ և ավելի երկարաժամկետ քննարկումների գործընթաց է», - ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG