Մատչելիության հղումներ

Կայացավ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացրած «Մի՛ ժխտիր» երգի պրեմիերան


Հրապարակվեց նաև Genealogy խմբի վեցերորդ անդամի անունը՝ Ինգա Արշակյան։

Հանրային հեռուստատեսությունն այսօր երեկոյան հրապարակել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի վեցերորդ անդամի անունը, տեղի է ունեցել նաև մրցույթին ներկայացվող «Մի՛ ժխտիր» (Don't Deny) երգի պրեմիերան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Genealogy խմբի անդամները կլինեն հինգ մայրցամաքների ազգությամբ հայ երգիչներ, նրանց կմիանա նաև հայաստանցի մեկ մասնակից։ Հանրային հեռուստատեսության կայքէջի փոխանցմամբ՝ խմբի վեցերորդ մասնակիցը ՀՀ վաստակավոր երգչուհի Ինգա Արշակյանն է:

Ավելի վաղ հրապարակվել էին երկրագնդի հինգ աշխարհամասերը խորհրդանշող խմբի մյուս անդամների անունները, նրանք են՝ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանն ու Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը:

Հայաստանի ներկայացրած Don’t Deny երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: Genealogy խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաև հայտնի դերասաններ, արվեստագետներ:

«Երկու երկարուձիգ, բայց արագընթաց օր տևեցին նկարահանումները, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել և արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում», - ասել է Գասպարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG