Մատչելիության հղումներ

«Ռուսական ընկերության վատ կառավարման պատճառով կրկին վճարում են քաղաքացիները»


Տնտեսագետ. Բոլոր վնասները պետք է փոխհատուցենք մենք՝ քաղաքացիներս
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Տնտեսագետ. Բոլոր վնասները պետք է փոխհատուցենք մենք՝ քաղաքացիներս

Վեց տարի առաջ հայկական երկաթուղու միանձնյա կառավարումը ստանձնած «Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարում է, որ Հայաստանի երկաթուղու արդիականացման համար արդեն ծախսել է 91 միլիարդ դրամ և դրանով իսկ կատարել ներդրումների մասով պարտավորությունների կեսը։

Մյուս կողմից՝ տարեցտարի ավելանում են ընկերության վնասները, որոնք, ի դեպ, փոխհատուցվում են Հայաստանի պետբյուջեից: Սա հաշվի առնելով՝ անցած շաբաթ անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կասկածի տակ դրեց ներդրումների արդյունավետությունը:

«Ես հանձնարարում եմ մեր հանձնաժողովի աշխատակազմին, որպեսզի այս տարվա մեր առաջնահերթություններից համարվի «Հարավակովկասյան երկաթուղու» ընկերության ներդրումների արդյունավետության, մասնավորապես, գնումների ընթացակարգերի մանրամասն ուսումնասիրությունը։ Ի տարբերություն մյուս մենաշնորհների, «Հայաստանի էլեկտրացանցերի», «Գազպրոմ Արմենիայի», որոնք երբ գնումներ են իրականացնում, պարտավոր են մրցութային կարգով իրականացնել, ապա «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նկատմամբ գնումների օրենսդրության պահանջները չեն տարածվում»,- ասել էր Շաբոյանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը նշում է, որ ընկերության ներդրումներն արվել են ենթակառուցվածքի արդիականացման և վագոնների ու ռելսերիթարմացման համար։ Մինչդեռ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը արժանահավատ չի համարում ներդրումների մասին տվյալները՝ ընդգծելով, որ ընկերությունը ինքնուրույն է տնօրինում թե երբ, ումից և ամենակարևորը՝ ինչ գնով ապրանք ձեռք բերի։

«Արդյոք այս ներդրումները արդյունավե՞տ են և այլ նպատակներով չեն օգտագործվել, որովհետև միայն ներկելով, հինը վերանորոգելով ու դա ներկայացնելով որպես ծախս, չի նշանակում, որ ներդրում է կատարվել է ու ծառայությունից օգտվողները ստացել են օգուտներ։ Միանշանակ, ոչ։ Կարող են նույն ծախսերի մեջ այնպիսի գնումներ մտցնել, ասենք մի ճոխ սպասարկման մեքենա գնել և դա մտցնել ծախսերի մեջ, և ասեն՝ ծախսերը կատարվել են ու մենք այս պատճառով ստիպված ենք գինը բարձրացնել, և այդ պատճառով մենք պետք է կառավարությունից դոտացիա ուզենք»,- ասաց տնտեսագետը։

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը անցած շաբաթավերջին անգամ նախազգուշացում տվեց՝ պահանջելով, որ այսուհետ «Հարավկովկասյան երկաթուղին» հետևի մրցակցային օրենսդրության պահանջներին և զերծ մնա չարաշահումներից: Պետական հանձնաժողովը քննադատեց նաև ռուսական ընկերության գնային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ վերջին երեք տարիներին բեռնափոխադրումները թանկացել են մինչև 17 տոկոսով, ինչը ոչ միշտ է համահունչ եղել ընկերության ծախսերին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը հաստատում է, որ վերջին տարիներին բարձրացել են ոչ միայն բեռների, այլ նաև ուղևորափոխադրումների գները, միաժամանակ ընդգծում է՝ ԱՊՀ բոլոր երկրներում՝ արտաքին տնտեսական գործոններով պայմանավորված։

«Դա աշխարհի ու մեր տնտեսության հետ է կապված։ Եթե կա ցեմենտ, կա տուֆ, քար շատ են արտահանում, մեր գործերը լավ են գնում, երբ պակասում է էքսպորտն ու իմպորտը, մեր գործերը վատանում են»,- ասաց Ալոյանը։

Նշենք, որ արդեն հինգ տարի Հայաստանի պետբյուջեն փոխհատուցում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասները: Ընդ որում՝ 5 տարիների ընթացքում պետբյուջեից ընկերությունը տրվող փոխհատուցումը եռապատկվել է։ Այս տարի պետբյուջեից առանձնացվել է մոտ 600 միլիոն դրամ։ Սա նախատեսված է կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշում է, որ սա ռուսական հերթական ընկերության վատ կառավարման հետևանքն է, որի համար վճարում են քաղաքացիները։

«Մենք փոխհատուցում ենք նաև «Գազպրոմի», Էլցանցի վնասները։ Այսօրվա կառավարման համակարգը դա էլ նախատեսում է, որ բոլոր ռիսկերը, վնասները պետք է փոխհատուցեն ոչ այն մարդիկ, ովքեր տնտեսվարում են, այլ մենք՝ քաղաքացիներս, որովհետև այդ կազմակերպությունները պաշտպանվում են պետության կողմից, հատուկ կարգավիճակ ունեն՝ չգիտես ինչու»,- ասաց տնտեսագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG