Մատչելիության հղումներ

Էկրան է բարձրացել ֆրանսիացի ռեժիսորի՝ «Չեչնիա. պատերազմ առանց հետքերի» վավերագրական ֆիլմը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, արխիվ

Հեղինակը հարց է հնչեցնում՝ Ռուսաստանի հետ երկար տարիներ տևած պատերազմից հետո Չեչնիան ինչպե՞ս դարձավ Պուտինի ամրոցը։

«Չեչնիա. պատերազմ առանց հետքերի»․ ֆրանսիացի ռեժիսորի գաղտնի նկարահանված փաստավավերագրական ֆիլմը մեծ էկրաններին է։

Ռեժիսոր Մանոն Լուազոյի գլխավոր նպատակն էր Չեչնիայում գտնել մարդկանց, ովքեր կհամարձակվեն պատմել ճշմարտությունը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի թագավորության մասին, և դա նրան հաջողվել է։ Ռեժիսորին պատմել են, թե ինչպես են Կադիրովի մարդիկ առևանգում, կտտանքների ենթարկում քաղաքացիներին, սպանում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ֆիլմի Լուազոն խոստովանել է, որ բավական դժվար էր նկարահանումներ իրականացնել Չեչնիայում. «Կադիրովի թագավորությունում» լրագրողներին առանձնակի ուշադրությամբ են հետևում։

Ֆիլմի սկզբում հեղինակը հարց է հնչեցնում՝ Ռուսաստանի հետ երկար տարիներ շարունակված պատերազմից հետո,ինչպե՞ս Չեչնիան դարձավ Պուտինի ամրոցը։ «Ազատության» հետ զրույցում հեղինակն արձանագրում է. - «Բացարձակ շիզոֆրենիա. ես այնտեղ եղել եմ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետո, և՛ սահմանադրական կարգի վերականգնման ընթացքում։ Այն ժամանակ մարդիկ ասում էին՝ մահ կամ ազատություն, իսկ հիմա այդ նույն չեչենները պողոտաներ են անվանակոչում Պուտինի պատվին, Պուտինի ծննդյան օրն են տոնում։ Երկար տևած պատերազմից, առևանգումներից և կտտանքներից հետո մարդիկ պարզապես հոգնել են»։

Նա պատմեց, որ կրկին հանդիպել է մարդկանց, որոնց հետ 15-20 տարի առաջ է ծանոթացել։

«Նրանք սարսափի մեջ են, որովհետև այսօր յուրայիններն են իրար սպանում. բոլորը վախենում են, որ հարևանները կամ ազգականները կարող են մատնել իրենց, մի օր կարող են նաև իրենց հետևից գալ։ Պատերազմը շարունակվում է», - շեշտում է ֆրանսիացի կինոռեժիսորը։

Ֆիլմում հերոսներից մեկը Չեչնիան համեմատում է Հյուսիսային Կորեայի հետ։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք դա չափազանցություն է, ֆիլմի հեղինակը պատասխանում է. - «Կադիրովի ռեժիմը պահպանվում է վախի շնորհիվ։ Մարդիկ վախենում են խոսել»։

Ֆիլմում Լուազոն ցույց է տալիս վերակառուցված Գրոզնին՝ լուսավոր ու բարեկարգ փողոցներ, բարետես մարդիկ, շքեղ հագուստներով կանայք և այդ ամենը Պուտինի, հայր և որդի Կադիրովների ամենուր կախված լուսանկարների ֆոնին։

Հեղինակը նկատել է նաև, որ Չեչնիայում մարդիկ այսօր գրեթե չեն խոսում պատերազմի մասին։ Նրանց ստիպում են մոռանալ դա։

«Կադիրովի օրոք արգելված է խոսել պատերազմի մասին. 150 հազար մարդ է զոհվել այդ պատերազմի ընթացքում՝ բնակչության մեկ հինգերորդը, բայց քանի որ նրանց սպանել են ռուսները, այսօր այդ մասին արգելված է խոսել, որովհետև Կադիրովը Պուտինի ամենամտերիմ ընկերն է։ Չեչնիայի պատմությունը սկսում է այն պահից, երբ իշխանության են եկել Պուտինն ու Կադիրովը, իսկ մինչ այդ տեղի ունեցածը գոյություն չի ունեցել։ Սա է Կադիրովի քաղաքականությունը։ Մարդիկ ապրում են խաբեության մեջ՝ սարսափելի շիզոֆրենիա», - «Ազատության» հետ զրույցում պատմում է Մանոն Լուազոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG