Մատչելիության հղումներ

Հազարավոր մարդիկ չեն կարողանում հետ ստանալ կեսաթոշակային պարտադիր վճարները


Հազարավոր մարդիկ չեն կարողանում հետ ստանալ կեսաթոշակային պարտադիր վճարները
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00

Գումարները ետ վճարելն, ի դեպ, օրենքով է նախատեսված։

Արդեն երեք ամիս է՝ հազարավոր մարդիկ չեն կարողանում ետ ստանալ հակասահմանադրական ճանաչված օրենքով պահված կեսաթոշակային պարտադիր վճարները: Գումարները ետ վճարելն, ի դեպ, օրենքով է նախատեսված։

Անցած տարի՝ նրանց կամքին հակառակ, աշխատավարձից պահված 5 տոկոսն այսօր էլ մնում է ֆոնդերում՝ եկամուտներ բերելով կառավարիչներին: Թեպետ Կառավարությունը պարտավորվել է այդ գումարները վերադարձնել հունվարի 1-ից, պաշտոնյաները չեն հստակեցնում՝ ինչո՞ւ մինչև օրս ոչ մի լումա չի հետհաշվարկվել։

Կենտրոնական դեպոզիտարիայի Կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար Տիգրան Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ դրանք կփոխանցվեն մինչև հուլիսի 1-ը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդելուց:

«Օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, քանի դեռ ժամկետը չի ավարտվել նշանակում է, որ օրենքով սահմանված ժամկետը չի խախտվել։ Օրենքով սահմանված ժամկետում գործընթացը կարվի և կավարտվի», - ասաց Պետրոսյանը։

Մինչդեռ «Դեմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանը նկատում է՝ երբ պետք է քաղաքացիներից գումարներ գանձել, պետական այրերը հստակ վերջնաժամկետ են սահմանում, իսկ երբ իրենք պետք է գումարները վերադարձնեն՝ ամիսներով ձգում են այդ ժամկետը՝ նեղություն չտալով անգամ պարզաբանումներ տալ:

«Կարող են արդյո՞ք որևէ կերպ քաղաքացիներին բացատրել, թե ինչ գործընթացի մեջ է գտնվում և արդյո՞ք փուլային է լինելու, արդյո՞ք մեկ անգամ են վճարելու, այս մասին ընդհանրապես որևէ մեկը որևէ տեղեկություն չունի։ Ես ուզում եմ, որ մեր իշխանությունները ոչ միայն իրենց իրավունքների մասին իմանան, այլև իրենց պարտականությունների», - ասաց Թանդիլյանը։

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»-ից էլ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասացին, թե իրազեկված չեն և տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

Դեռ անցած տարվանից իրենց գումարների վերադարձին սպասող քաղաքացիներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ սա խաբեության հերթական փորձն է:

«Մեր գումարները շրջանառության մեջ են դրվում, մենք սպասում ենք՝ մարդիկ իրենց գործն առաջ են տանում։ Ո՛չ կառավարությունից, ո՛չ երկրի ղեկավարությունից ոչ մի սպասելիք չունենք, այնպես որ հույսներս միայն մեզ վրա է, եթե ինչ-որ բանի հասնենք, մեր բողոքների արդյունքում պետք է հասնենք», - ասաց Հարությունյանը։

Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Կառավարությունը հնարավորինս հետաձգելու է գումարների վերադարձի ժամկետը, «Ազատության» հետ զրւյցում ասաց հաշվապահ Շողեր Բաբայանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ոչ միայն գումարներն են ապօրինի պահվում, այլև հաշվի չի առնվում՝ անցած մեկ տարվա ընթացքում պահ տված միջոցների գնողունակությունը որքանով է ընկել:

«Անցած տարվա հենց այս ժամանակահատվածում, երբ որ հաց էինք գնում, գնում էինք 180 դրամով, այսօր այդ նույն հացը 210 դրամ է, արդեն 21-22 տոկոս հացի արժեքն ավելացել է։ Ես պատկերացնում եմ՝ մինչև հունիսի վերջ ինչքան տարբերություն կտա», - ասաց Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG