Մատչելիության հղումներ

Կարսում ազդարարվեց Տրանսանատոլիական գազատարի կառուցման մեկնարկը


Թուրքիա – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (ձ) և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը փոխանակում են TANAP-ի կառուցման փաստաղթղերը՝ դրանք ստորագրելու արարողությունից հետո, Անկարա, 13-ը նոյեմբերի, 2013թ․
Թուրքիա – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (ձ) և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը փոխանակում են TANAP-ի կառուցման փաստաղթղերը՝ դրանք ստորագրելու արարողությունից հետո, Անկարա, 13-ը նոյեմբերի, 2013թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 17-ին Կարսում մասնակցել են Տրանսանատոլիական խողովակաշարի (TANAP) հիմնարկեքի արարողությանը:

Նրանց հյուընկալել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Երեք երկրների նախագահները միասին դրել են 1850 կիլոմետրանոց խողովակաշարի խորհրդանշական հիմքը: Նրանք սեղմել են շինարարական աշխատանքների մեկնարկը ազդարարող կոճակը, դրվել է գազատարի առաջին խողովակը:

Տրանսանատոլիական խողովակաշարի կառուցման առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2018-ին: Այդ խողովակաշարով Կասպից ծովի «Շահ Դենիզ-2» հանքավայրից Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքով գազը մղվելու է դեպի Եվրոպա: Տրանսանատոլիական խողովակաշարով նախատեսվում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազի տեղափոխում՝ որից մոտավորապես 6 միլիարդ խորանարդ մետրը Թուրքիայի, մնացածը Եվրոպայի համար: Եվրամիությունը այն ընդգրկել է հարավային էներգետիկ միջանցք կոչվող ծրագրում: TANAP-ը այդ ընդհանուր ծրագրի ուղիներից մեկն է համարվում:

Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը ևս մասնակցել է Կարսում անցկացված արարողությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում ասել է, որ այսօր Եվրասիայում ստեղծվում է համագործակցության նոր ձևաչափ, ծրագրին միանում են բալկանյան երկրները:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ առանց Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության հնարավոր չէ պատկերացնել Վրաստանի հաջողությունները: Նա նշել է, որ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, հասկանում է իր պատասխանատվությունը և մինչև վերջ կկատարի իր առջև դրված խնդիրները:

Տրանսանատոլիական խողովակաշարի կառուցման ծախսերը գնահատվում են 10-11 միլիարդ դոլար:

Գործընկերության մասին անցած շաբաթ ստորագրված համաձայնագրով՝ ադրբեջանական «ՍՈԿԱՐ» պետական ընկերությանը հասնում է բաժնետոմսերի 58 տոկոսը, թուրքական «Բոտաշ» ընկերությանը՝ 30 տոկոսը, իսկ բրիտանական BP ընկերությանը՝ 12 տոկոսը:

Էներգետիկ հարավային միջանցքը համարվում է բնական գազը Եվրոպա հասցնելու՝ Ռուսաստանը շրջանցող ծրագիր: Միաժամանակ Թուրքիան, ով վերջին շրջանում ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ բանակցում է նաև Սև ծովի հատակով, այնուհետև Թուրքիայի տարածքով կառուցվելիք «Հարավային հոսք» կոչվող խողովակաշարով ռուսական գազը Եվրոպա հասցնելու ծրագիրը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը ասել էր, թե այս երկու ծրագրերը՝ TANAP-ը ու «Հարավային հոսքը», միմյանց չեն հակասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG